Back Եվրոպայի խորհուրդը շարունակում է հզորացնել Ղարաբաղի բուժաշխատողների մասնագիտական կարողությունները

Առողջապահության և կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքները քննարկվել են երկօրյա դասընթացի շրջանակներում
Եվրոպայի խորհուրդը շարունակում է  հզորացնել Ղարաբաղի բուժաշխատողների մասնագիտական կարողությունները

Բուժաշխատողները մարդու իրավունքների հանդեպ հարգանքն ապահովելու գործի առաջնագծում են։ Մարդու իրավունքների և էթիկական սկզբունքները կարևոր դեր են խաղում կենսաբժշկության և առողջապահության ոլորտում հաճախ հանդիպող բարդ իրավիճակներին արձագանքելու և դժվար որոշումներ իրականացնելու հարցում։ Նրանք նաև նպաստում են բուժաշխատողների և պացիենտների միջև փոխվստահության հաստատմանը։ 

Որպես Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթի բաղկացուցիչ մաս՝ Եվրոպայի խորհուրդը շարունակում է անցկացնել առողջապահության և կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքների, ինչպես նաև բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կարողությունների զարգացման դասընթացների շարք՝ Ղարաբաղի բուժաշխատողների համար:

Շուրջ 35 ավագ բուժաշխատողներ 2024թ․ ապրիլի 19-ին և 20-ին մասնակցել են առողջապահության և կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքների վերաբերյալ Հանքավանում իրականացված կարողությունների զարգացման երրորդ դասընթացին։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանը և ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Կարեն Բազիյանը։ Կողմերն ընդգծեցին կարողությունների զարգացման այս դասընթացների կարևորությունը Ղարաբաղի բուժաշխատողների՝ Հայաստանի առողջապահական համակարգին ինտեգրվելու գործընթացին նպաստելու և իրենց պրակտիկայում մարդու իրավունքներին վերաբերող հարցերի շուրջ մասնագիտական զարգացման առումներով։

Եվրոպայի խորհրդի միջազգային և ազգային փորձագետները բուժաշխատողներին ներկայացրին առողջության իրավունքի և առողջապահական ծառայությունների հասանելիության, վերարտադրողական առողջության իրավունքների, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման, բուժաշխատողների էթիկայի կանոնների, իրազեկված համաձայնության, բժշկական գաղտնիքի, արտակարգ իրավիճակներում մարդու իրավունքների ոլորտներում ազգային և եվրոպական չափանիշները։ 

Վերապատրաստման դասընթացը նպաստեց բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանը՝ հնարավորություն տալով դասընթացի ավարտին կուտակել շարունական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) 10 կրեդիտ, ինչպես նաև ընդլայնեց նրանց մասնագիտական համագործակցության շրջանակը։

Կարողությունների զարգացման դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝  «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։

Hankavan, Armenia 19-20 April 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page