Back Կլոր սեղան-քննարկում` նվիրված Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ուղղություններին

Կլոր սեղան-քննարկում` նվիրված Հայաստանում ընթացող դատաիրավական  բարեփոխումների ռազմավարական ուղղություններին

Հունիսի 2-ին և 3-ին տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Հայաստանում ընթացող դատաիրավական  բարեփոխումների ռազմավարական ուղղություններին  և այդ գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) էական դերին։ Կլոր սեղանի առաջնային նպատակն էր խթանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ավելի ակտիվ ներգրավվածությունը՝ ընդգծելով նրանց նշանակալից դերը և կարևոր ներդրումը ռազմավարության իրականացման մշտադիտարկման գործընթացում: Եվրոպայի խորհրդի ԳԼԿ III «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում»  ծրագրի, Արդարադատության նախարարության և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված կառուցողական քննարկմանը մասնակցում էին մոտ 50 ներկայացուցիչներ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունից: Կլոր սեղան-քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ինչպես  2022 թվականի երկրորդ և 2023 թվականի առաջին կիսամյակում արձանագրված  առաջընթացին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախանշված հետագա նախաձեռնություններին։

Քննարկումները ծավալվեցին դատարանների ծանրաբեռնվածության խնդրի շուրջ՝ առաջարկելով  հնարավոր նորարարական լուծումներ, ինչպիսին է՝ փոքր ծավալի գումարի բռնագանձման գործերի հանձնումը նոտարներին: Բացի այդ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցեցին և արտահայտեցին իրենց կարծիքները դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքության ստուգումների իրականացման վերաբերյալ՝ նպատակ ունենալով խթանել հաշվետվողականությունը և թափանցիկությունը:

Կարևորելով քաղաքացիական հասարակության մասնակցությունը և ընդգծելով նրանց ներդրման կարևորությունը՝ այս երկխոսությունը ուղի է հարթում դատաիրավական  բարեփոխումների ռազմավարության արդյունավետ իրականացման համար:

«Շատ կարևոր է քաղաքականություն մշակող պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև նման քննարկումների իրականացումը և դրանց շարունակակական բնույթը։ Սակայն էական է, որպեսզի այս քննարկումները լինեն արդյունավետ, և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիտարկումները և առաջարկությունները պատշաճ արձագանքի և քննարկման ենթարկվեն, ընդունվեն և ներառվեն մշակվող քաղաքականության փաստաթղթերում և իրավական ակտերում", «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյան։ 


«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությունն է՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում լավ կառավարումն ամրապնդելու համար: «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ III) ծրագրային ձևաչափի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։

Ծաղկաձոր, Հայաստան 06/06/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

FOLLOW US

Partnership for Good Governance 

 Website

 Facebook

X (former Twitter)

Council of Europe Office in Yerevan

Facebook