Back Եվրոպայի խորհուրդը խթանում է հոգեկան առողջության պահպանման ոլորտում ինքնավարությունը և արձագանքում ոլորտում առկա մարտահրավերներին

Փորձագիտական քննարկում «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ
Եվրոպայի խորհուրդը խթանում է հոգեկան առողջության պահպանման ոլորտում ինքնավարությունը և արձագանքում ոլորտում առկա մարտահրավերներին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի խորհրդի առաջնահերթություններից է։ Կարևոր է նպաստել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ցանկացած անձի ինքնավարությանը և աջակցել նրանց այդ ուղղությամբ:

2024 թվականի հունիսի 17-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ, կազմակերպել էր փորձագիտական քննարկում «Հոգեկան առողջության խնդիրների հետևանքով անգործունակ ճանաչված անձանց իրավունքները» թեմայով՝ քննարկելու փորձագետի զեկույցի հիմնական եզրահահգումներն ու առաջարկությունները և նպաստելու «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարմանը։ Քննարկմանը մասնակցել են համապատասխան շահագրգիռ կողմերը, որոնց թվում՝ ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

Իր ելույթում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ընդգծեց թեմայի կարևորությունը ոչ միայն մարդու իրավունքների  պաշտպանության, այլ նաև Հայաստանում ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարման տեսանկյունից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Ստեփանյանը կարևորեց քննարկումը` ընդգծելով, որ գործունակության ոլորտում առկա մարտահրավերների լուծումը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանցքային առաջնահերթություններից է։
ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար պարոն Դրմեյանն փաստեց, որ այս փաստաթուղթը ուղենիշային փաստաթուղթ է լինելու Հայաստանի կառավարության համար՝ վերոնշյալ դատավճիռը կատարելու, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնավարությունը խթանելու ուղղությամբ բարեփոխումն իրականացնելու համար։

Զեկույցում ներկայացված առաջարկություններից մի քանիսը վերաբերում էին գործունակության պատշաճ գնահատմանը, գործունակության նպատակային սահմանափակումների ներդրմանը, գործունակության սահմանափակումների վերանայմանը, ինչպես նաև Հայաստանում խնամակալության և հոգաբարձության համակարգի կատարելագործմանը:

Քննարկումը էապես նպաստեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական բարեփոխումների օրակարգի իրականացմանը և արդյունավետ հարթակ ստեղծեց՝ միջազգային չափանիշներին համապատասխան անգործունակության ռեժիմի վերանայման ոլորտում համապատասխան պետական և ոչ պետական կառույցների միջև քննարկման և կարծիքների փոխանակման համար։

Որպես հիշեցում․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործը ցույց է տվել, որ թեև Հայաստանում ներդրվել են որոշակի երաշխիքներ՝ ապահովելու հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող, անգործունակ ճանաչված անձանց պաշտպանությունը, հայաստանյան իրավական դաշտը պետք է էլ ավելի ընդլայնվի՝ ապահովելու համար բնակչության այս խմբի ավելի լավ պաշտպանություն:
Փորձագիտական քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի կողմից՝ Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։

Համառոտ ակնարկ․

Եվրոպայի խորհուրդն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, այդ թվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող՝ «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հարցում։

Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետը պատրաստել է ծավալուն զեկույց «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գործունակության սահմանափակման ազգային իրավական դաշտի և պրակտիկայի վերլուծություն․ «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարումը» թեմայով, որում ամփոփված են ներպետական իրավական դաշտի հնարավոր բարելավման վերաբերյալ ազգային գործընկերներին ուղղված առաջարկությունները: Այս աշխատանքը Եվրոպայի խորհրդի՝ այս շատ կարևոր ոլորտում համապարփակ տեխնիկական աջակցության մաս է կազմում և հանդիսանում է դատավճռի կատարման շրջանակներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, իրավաբանորեն անգործունակ ճանաչված անձանց պաշտպանության հարցերի վերաբերյալ 2024 թվականի փետրվարին կայացած առաջին փորձագիտական քննարկման շարունակությունը։

17 June 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page