Back Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը ամրապնդում է առողջապահական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը

Կարողությունների զարգացման երկօրյա դասընթացն ամրապնդել է համալսարանական հիվանդանոցների առաջատար բուժաշխատողների գիտելիքներն ու հմտությունները բուժաշխատողների էթիկայի կանոնների և էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ
Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը ամրապնդում է առողջապահական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը

Էթիկայի հանձնաժողովները առանցքային դեր են խաղում պացիենտների իրավունքների պաշտպանության, առողջապահական ծառայությունների հավասար մատչելիության և այնպիսի միջավայրի ստեղծման գործում, որտեղ կարեկցանքն ու ազնվությունը կարևոր են առողջապահական համակարգերի նկատմամբ հանրային վստահության ձևավորման համար: Նրանք ծառայում են որպես առողջապահական համայնքի բարոյական կողմնացույց՝ ապահովելով որ պացիենտներին մատուցվող բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվի մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ առավելագույն հարգանքով:

Առողջապահության ոլորտում էթիկական չափանիշներն ամրապնդելու կարևորագույն նպատակն ունենալով՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ 2024 թվականի հուլիսի 4-5-ին կազմակերպել էր կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց՝ համալսարանական կլինիկաների առաջատար մասնագետների համար՝ բուժաշխատողների էթիկայի կանոնների և էթիկայի հանձնաժողովների գործունեության վերաբերյալ: Այս նախաձեռնությունը նպատակաուղղված էր բուժաշխատողներին զինելու նորագույն հմտություններով և գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են կլինիկական պրակտիկայում բարդ էթիկական երկընտրանքները քննարկելու ու հաղթահարելու համար:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը, Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը և ԵՊԲՀ «Հերացի» առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը։ Տիկին Լվոֆֆը շեշտեց այս համագործակցության կարևորությունը՝ նշելով. «Մի դարաշրջանում, որտեղ բժշկական առաջընթացն ու էթիկական երկընտրանքները հաճախ հատվում են, կայուն գործող էթիկական ուղեցույցների դերը չի կարելի գերագնահատել»:

Որպես Հայաստանում առողջապահության ոլորտում էթիկական ստանդարտների խթանմանն ուղղված գործունեության մաս՝  այս համագործակցությունը նպաստեց բժշկական պրակտիկայի և էթիկական սկզբունքների ներդաշնակ գոյակցության խորացմանը։ 

Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը (էթիկայի հանձնաժողով) անկախ մարմին է, որը քննում է բուժաշխատողների կողմից մասնագիտական էթիկայի կանոնների հնարավոր խախտման դեպքերը և բաղկացած է հասարակական հիմունքներով աշխատող 7 անդամից։ Էթիկայի հանձնաժողովի անդամների թվում են բուժաշխատողներ, իրավաբաններ, գիտական աշխատողներ և հոգեբաններ։ Էթիկայի հանձնաժողովի քննությանը ենթակա են բուժաշխատողների էթիկայի կանոնների խախտումները՝ բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող, բուժաշխատող-երրորդ անձ հարաբերություններում և հանրային առողջապահության ոլորտում։ Գործունեության մեկ տարվա ընթացքում էթիկայի հանձնաժողովը քննել է էթիկայի կանոնների հնարավոր խախտման 6 դեպք։ 

Կարողությունների զարգացման դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում։

4-5 July 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page