Բժշկական օգնության և սպասարկման ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների ինտեգրումը կարևոր նշանակություն ունի՝ տարբեր առողջապահական ծառայություններին բնակչության արդար և արժանապատիվ հասանելիությունը ապահովելու տեսանկյունից: Այս նպատակին հնարավոր է հասնել միայն՝ այդ չափանիշների նկատմամբ իրազեկվածության բարձրացման և ինչպես առողջապահության, այնպես էլ իրավունքի ոլորտի մասնագետների գիտելիքների ու կարողությունների զարգացման միջոցով՝ հնարավորություն տալով նրանց կիրառել այդ չափանիշներն իրենց ամենօրյա պրակտիկայում:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն (ՄԻՊ) այս համատեքստում կարևոր դեր է խաղում, քանի որ վերջինս առանցքային գործառույթ ունի պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանության մշտադիտարկման և մարդու իրավունքների տարբեր հարցերի շուրջ հանրային երկխոսություն ծավալելու գործում:
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին Օվիեդոյի կոնվենցիայի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայի շրջանակներում առողջության պահպանման, ինչպես նաև այլ իրավունքների և էթիկական ասպեկտների առնչությամբ տարբեր հարցեր քննարկելու համար ՄԻՊ աշխատակազմի շուրջ 25 ներկայացուցիչներ 2024թ․ ապրիլի 13-ին և 14-ին մասնակցեցին կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ ՄԻՊ-ի և Եվրոպայի խորհրդի միջև ամուր համագործակցության և, առհասարակ, Հայաստանում մարդու իրավունքների և, մասնավորապես, Օվիեդոյի կոնվենցիայի հիմնական սկզբունքների շուրջ երկխոսության խթանմանը իր անմիջական մասնակցության և աջակցության համար։
Անահիտ Մանասյանն, իր հերթին, շեշտադրեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծեց նման վերապատրաստումների կարևորությունը ՄԻՊ-ի աշխատակազմի կարողությունների և գիտելիքների ամրապնդման և առողջապահական հարցերի շուրջ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման շուրջ։
Նա նաև վերահաստատեց իր հանձնառությունը Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցում, որն առողջապահության ոլորտում մարդու իրավունքների խնդիրները հասցեագրող իրավական պարտադիր ուժ ունեցող միակ միջազգային փաստաթուղթն է, և ընդգծեց իրազեկման լայնածավալ արշավների անցկացման կարևորությունը՝ մինչև Կոնվենցիայի վավերացումը հանրության շրջանում վերջինիս կողմից երաշխավորված իրավունքների իրական պատկերացում ձևավորելու համար։
Կարողությունների զարգացման ծրագիրը մշակված էր ՄԻՊ-ի աշխատակազմին Օվիեդոյի կոնվենցիայի և նրա լրացուցիչ արձանագրությունների հիմնական սկզբունքների վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ փոխանցելու նպատակով՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջապահական ծառայությունների հասանելիության խնդիրներին, վերարտադրողականության տարիքային սահմանափակումներին և հնարավոր խտրականությանը, գենետիկական ծագումն իմանալու իրավունքին վերաբերող հարցերին, որոնք ներկայացրեց Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ պրոֆեսոր Ֆաբիո Մաչիոչեն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ավագ իրավաբան Բոգլարկա Բենկոն ներկայացրեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնավարության և ազատության պաշտպանության վերաբերյալ ՄԻԵԴ դատական պրակտիկան՝ ՄԻԵԴ «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» վճռի` ՀՀ-ի կողմից կատարման շրջանակում:
Եվրոպայի խորհուրդը և ՄԻՊ-ը կշարունակեն սերտ համագործակցությունը վերոնշյալ հարցերի շուրջ հանրային երկխոսության հետագա խթանման և առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ ի շահ բնակչության:
Կարողությունների զարգացման դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում։