Նախապատմություն, նախաձեռնող և մասնակիցներ
Իրազեկման շաբաթ Կիպրոսում կազմակերպվում է տարին մեկ: 2018 թվականի թեման Ծերացման կենսաէթիկակական կողմերն էին, որի մեկնարկը համընկավ Կիպրոսի Հանրապետության նախագահի, Կիպրոսի առողջապահության նախարարի և Կիպրոսի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի բարձր հովանու ներքո կազմակերպված մամլո ասուլիսի հետ:
Նպատակ
Իրազեկման շաբաթն ունի երկու նպատակ.
- (i) տեղեկացնել հանրությանը կենսաէթիկական զարգացումների մասին և
- (ii) տեղեկացնել քաղաքականություն մշակողներին մարտահրավերների և հանրային բանավեճի արդյունքում բարձրացված կառավարման մեխանիզմների մասին:
Մեթոդ
Իրազեկման շաբաթը 2018 թվականին ուներ միջոցառումների լայն շրջանակ, այդ թվում`
- ծերության մասին լուսանկարների ցուցահանդես,
- կլոր սեղան քննարկում Ներկայացուցիչների պալատի նախագահի և i) Մարդու իրավունքների, ii) Առողջապահության հարցերի, և iii) Իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովների անդամների հետ,
- կլոր սեղան քննարկում Անձնական տվյալների պաշտպանության հանձնակատարի և Վարչարարության և մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմենի) հետ,
- սոցիալական ներառման և խոցելիության թեմայով սեմինար,
- կլոր սեղան քննարկում մահվան և կորստի թեմայով,
- աշխատաժողով «Որոշումների կայացում էթիկապես երկիմաստ իրավիճակներում. Կյանքի վերջը» թեմայով,
- աշխատաժողով «Էթիկան և բժշկական էթիկան տարեցների սպասարկման ամենօրյա բժշկական պրակտիկայում» թեմայով,
- Լրագրական էթիկայի կանոնագիրք. Լրագրողների և զանգվածային լրատվամիջոցների` տարեցների հարցերի լուսաբանման վաքականոն,
- աշխատաժողով «Էթիկան և էթիկական խնդիրները տարեցների սպասարկման ատամնաբուժական պրակտիկայում» թեմայով,
- սեմինար «Էթիկան և դեոնթոլոգիան դեղագործության մեջ տարեցների համար» թեմայով,
- սեմինար «Կախվածությունը հաղթահարելու թերապևտիկ տարբերակներ Կիպրոսում» թեմայով,
- բժշկական համալսարանների ուսանողներին ուղղված դասախոսություններ. Էթիկական պարտավորություններ բժշկության մեջ` սովորելով անցյալից և պատրաստվելով ապագային, Ի՞նչն է փոխվում վերակենդանացման էթիկայում, Վիրահատական նոր մեթոդների կենսաէթիկան,
- աշխատաժողով «Դեոնթոլոգիան և էթիկան կրթական հետազոտություններում` ուսանող մասնակիցների օրինակը» խորագրով,
- բժշկական համալսարանների ուսանողների միջև բանավեճեր հետևյալ թեմաներով. (i) Կյանքի վերջի խնդիրների բարոյական, քաղաքական և սոցիալական հետևանքները, (ii) Տարեցների նկատմամբ սեռական բռնության բժշկական և իրավական հարցերը,
- համաժողով «Միջսերնդային ծրագրեր. Պահել տարեցներին երիտասարդ, դարձնել երիտասարդներին ավելի իմաստուն» թեմայով:
Կիպրոսի կենսաէթիկայի ազգային կոմիտեն (CNBC) կազմակերպեց հանրային կլոր սեղան քննարկում «Ծերածող և տարեց մարդկանց մասին իրազեկման բարձրացում» խորագրով: Մասնակցում էին փորձագետներ, քաղաքականություն մշակողներ և համապատասխան շահակիրներ, որոնց թվում էր Կիպրոսի երեցների խորհրդարանը և Կիպրոսի տարեցների դիտարանը (ՀԿ): Լսարանը` լայն հասարակությունն էր: Քննարկվեցին երկու գլխավոր հարցեր. (i) Խնամքի մակարդակը ծերանոցներում և Սոցիալական պաշտպանության վարչության (Կիպրոսի աշխատանքի, սոցիալական պաշտպանության և սոցիալական ապահովության նախարարություն) ստուգումների որակը, (ii) բնակության պայմանները Կիպրոսի ծերանոցներում (մասնավոր և պետական): Բանավեճը, որին մասնակցեց բաց լսարանը, բացահայտեց ծերանոցներում առկա հետևյալ խնդիրները`
- աշխատակազմը գիշերվա ընթացքում կանոնավոր ստուգայցեր չի կատարում, ինչը, հաճախ, պայմանավորված է աշխատակիցների պակասով,
- ծերանոցներում որակավորված խնամատուների պակաս,
- բռնությունից և վատ վերաբերմունքից տարեցներին ավելի արդյունավետ և համարժեք պաշտպանելու անհրաժեշտություն,
- ստուգումները պետք է իրականացնի կոմպետենտ մարմին,
- բնակիչներից ստացված բողոքների ավելի արդյունավետ քննություն:
Կլոր սեղանը եզրակացրեց, որ անհրաժեշտ է փոխել քաղաքականությունը: Անմիջապես կարգադրություններ տրվեցին փոփոխություններ կատարել Կիպրոսի ծերանոցներում (թե՛ պետական, թե՛ մասնավոր) խնամքի որակը կարգավորող գործող օրենսդրության մեջ:
Կարևոր առանձնահատկություններ և քաղած դասեր
Հանրային բանավեճը կարող է լինել քաղաքականություն մշակելու և որոշումներ ընդունելու մարտահրավերների մասին հանրությանը տեղեկացնելու արժեքավոր գործիք: Մեթոդների բազմազանությունը ծառայեց գործընթացում հնարավորինս մեծ թվով թեմաներ ընդգրկելու նպատակին: Միջոցառումներն ուղղված էին շահակիրների լայն շրջանակի (լայն հասարակություն, ավագ դպրոցի աշակերտներ, թոշակառուներ, բժշկական համալսարանների ուսանողներ, գիտահետազոտական հանրություն, բուժմասնագետներ), որոնք լավ ընդունեց և ողջունեց հեռուստատեսությամբ, տպագիր և էլեկտրոնային մեդիայում մանրամասն լուսաբանումը:
Կարևոր գործոն էր բանավեճի բաց լինելը, ինչը հնարավորություն տվեց առկա մարտահրավերների մասին լավ տեղեկացված անհատներին ազատ կիսվել տեսակետներով քաղաքականություն մշակողների ներկայությամբ: Եզրակացությունները ստիպեցին կառավարությանը վերանայել տարեցներին վերաբերվող օրենսդրությունը: Մասնավորապես, տարեցների խնամքի մասին բանավեճն ուղղակի ազդեցություն ունեցավ կառավարման վրա: CNBC-ին տրվեց պետական և մասնավոր ծերանոցներում քննություն իրականացնելու նախարարական մանդատ, որի նպատակն էր վերանայել գործող օրենսդրությունը, օրինակ, շուրջօրյա կադրային համալրում ապահովելու համար: Օրենսդրությունը փոփոխության է ենթարկվում և այն ներկայացվելու է Խորհրդարանի վավերացմանը:
Լայնածավալ հանրային բանավեճի ակնհայտ թերություններից է տարեկան մեկ թեմայով սահմանափակվելը: Մյուս կողմից, դա հնարավորություն է տալիս ավելի խորացված հասկանալ առկա մարտահրավերները: