Back Առողջապահության նախարարության խորհրդատուները քննարկեցին բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները

Առողջապահության նախարարության խորհրդատուները քննարկեցին բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները

Փետրվարի 25-26-ին Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի և Առողջապահության նախարարության կողմից համատեղ կազմակերպվել էր առողջապահության նախարարության խորհրդատուների հերթական տարեկան հանդիպումը։ Հանդիպումը նվիրված էր Եվրոպայի խորհրդի փորձագիտական և տեխնիկական աջակցությամբ մշակված և ՀՀ կառավարության 2022 թ․ փետրվարի 17-ի 182-Ն որոշմամբ ընդունված բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների, ինչպես նաև առողջապահության բնագավառի հիմնական և նեղ մասնագիտությունների ցանկի նախագիծը։

Միջոցառումը բացառիկ հնարավորություն էր մեկ վայրում միավորելու առողջապահության ոլորտի մասնագետներին՝ քննարկելու առողջապահության քաղաքականության ու բարեփոխումների նոր ուղղությունները։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը։ Կողմերը ընդգծեցին Առողջապահության նախարարության և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի արդյունավետ համագործակցությունը և կարևորեցին համագործակցության շարունակականությունը առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ։

Առանցքային ելույթներ և զեկուցումներ ներկայացվեցին բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների և առողջապահության բնագավառի մասնագիտությունների նոր ցանկի նախագծի վերաբերյալ։ Զեկուցումներին հաջորդեց ԱՆ խորհրդատուների ակտիվ քննարկումը:

ԱՆ խորհրդատուների տարեկան հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026թթ Գործողությունների ծրագրի շրջանակներում։

 

Փետրվարի 25 և 26, 2023 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page