Back Խթանելով իրավունքահեն մոտեցումները կլինիկական պրակտիկայում

Խթանելով իրավունքահեն մոտեցումները կլինիկական պրակտիկայում

Առողջապահության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական չափանիշներն ամրապնդելու կարևորագույն նպատակն ունենալով՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ սերտ համագործակցությամբ 2024 թվականի սեպտեմբերի 28-29-ին կազմակերպել էր կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց՝ համալսարանական բժշկական կենտրոնների առաջատար մասնագետների համար՝ Օվիեդոյի կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքների հիմնական սկզբունքների վերաբերյալ: Այս նախաձեռնությունը նպատակաուղղված էր բուժաշխատողներին զինելու նորագույն հմտություններով և գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են կլինիկական պրակտիկայում մարդու իրավունքների մարտահրավերները և բարդ էթիկական երկընտրանքները քննարկելու ու հաղթահարելու համար:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ավագ պատասխանատու Մերի Կատվալյանը և ԵՊԲՀ «Հերացի» առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը։ Մերի Կատվալյանը շեշտեց այս համագործակցության կարևորությունը՝ նշելով. «Մի դարաշրջանում, որտեղ բժշկական առաջընթացն ու էթիկական երկընտրանքները հաճախ հատվում են, հստակ գործող իրավունքահեն և էթիկական ուղեցույցների դերը չի կարելի գերագնահատել»:
Մասնակիցները հնարավորություն ունեցան Եվրոպայի խորհրդի ազգային ու միջազգային փորձագետների կողմից ուկնդրելու հասանելի և մատչելի առողջապահական ծառայությունների, պացիենտի իրազեկված համաձայնության, բժշկական գաղտնիքի պահպանման, վերարտադրողական առողջության իրավունքների, արտակարգ իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ազգային ու միջազգային չափանիշները և մի շարք այլ կարևոր թեմաներ։

Միջոցառման արդյունքում բուժաշխատողները կատարելագործեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները, ինչը կօգնի նրանց հետագայում առաջ մղել և կիրառել Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված ստանդարտները որպես իրենց մասնագիտության գործունեության մաս, ինչպես նաև կուտակել շարունական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) 10 կրեդիտ և ընդլայնել նրանց մասնագիտական համագործակցության շրջանակը։

Կարողությունների զարգացման դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիան (հայտնի  որպես «Օվիեդոյի կոնվենցիա») կենսաբժշկության և առողջապահության ոլորտում մարդու իրավունքներին առնչվող առաջին և իրավական պարտադիր ուժ ունեցող միակ միջազգային փաստաթուղթն է: Կոնվենցիան ապահովում է մարդու արժանապատվության և իրավունքների պաշտպանության շրջանակ՝ սահմանելով հիմնարար սկզբունքներ, որոնք կիրառելի են ինչպես ամենօրյա բժշկական պրակտիկայում, այնպես էլ բժշկական նորագույն տեխնոլոգիաների համար:

30 September 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page