Back Եվրոպայի խորհուրդն աջակցում է առողջության պահպանման իրավունքի ոլորտում Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին

Եվրոպայի խորհրդի պաշտոնյաներն ու Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունները համատեղ քննարկեցին առողջության պահպանման իրավունքի լիարժեք պաշտպանությունը Կառավարության կողմից առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգի շրջանակում
Եվրոպայի խորհուրդն աջակցում է առողջության պահպանման իրավունքի ոլորտում Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին

Հայաստանը վավերացրել է Եվրոպական սոցիալական խարտիան 2004 թվականին, բայց 11-րդ հոդվածը, որը մասնավորապես անդրադառնում է առողջության պահպանմանը, դեռևս վավերացված չէ։ 

2024թ. մայիսին Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումը ամրապնդեց Հայաստանի դիրքորոշումը՝ առողջապահական ծառայությունների հավասար հասանելիությունը խթանելու առումով:

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը 2024թ. սեպտեմբերի 27-ին կազմակերպել է «Առողջության պահպանման իրավունքը Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի և Օվիեդոյի կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում» թեմայով առանցքային աշխատաժողով: Այս միջոցառումն ընդգծում է մարդու իրավունքների, հատկապես սոցիալական իրավունքների առնչությամբ Հայաստանի հանձնառությունը` Հայաստանի առողջապահական համակարգում ընթացող բարեփոխումների օրակարգին համահունչ: 

Աշխատաժողովը համախմբեց առանցքային շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ Ազգային ժողովի, Արտաքին գործերի նախարարության, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Փաստաբանների պալատի ներկայացուցիչների, Եվրոպայի խորհրդի պաշտոնյաների և ոլորտի փորձագետների:

Իր բացման խոսքի ժամանակ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ողջունեց Հայաստանի կառավարության՝ առողջապահական ոլորտում նախաձեռնությունները և հայտնեց կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշների հետ ներդաշնակեցնելու գործում: 

Առանցքային բանախոսների թվում էին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը,  ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչություն պետ Սամվել Մկրտչյանը, Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի նախկին նախագահ՝ պրոֆեսոր Կարին Լուկասը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆը։

Քննարկումն ընդգծեց առողջապահական ծառայությունների հավասար հասանելիություն ապահովելու կարևորությունը և եվրոպական չափանիշներին Հայաստանի օրենսդրության համապատասխանեցման անհրաժեշտությունը, հատկապես Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ճանապարհին: Աշխատաժողովը կարևոր նշանակություն ունեցով Հայաստանում առողջության պահպանման իրավունքի ամրապնդման առումով և խթանեց պետական մարմինների և միջազգային գործընկերների միջև համագործակցությունը։

Աշխատաժողովի արդյունքում ամրապնդվեց հանձնառությունը՝ ապահովելու առողջապահական ծառայությունների հավասար հասանելիությունը և համապատասխանեցնելու հայկական օրենսդրությունը եվրոպական չափանիշներին, հատկապես, երբ երկիրը առաջ է ընթանում առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու ճանապարհով:

Աշխատաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝  «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ II» և «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացվում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։

Առողջության պահպանման իրավունքը հիմնարար իրավունք է, որն ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում, ներառյալ Եվրոպայի խորհրդի եվրոպական սոցիալական խարտիան և Օվիեդոյի կոնվենցիան՝  կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մասին պարտադիր ուժ ունեցող միակ իրավական փաստաթուղթը որի 3-րդ հոդվածը ամրագրում է առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության իրավունքը, այսինքն հաշվի առնելով առողջապահական կարիքներն ու հասանելի ռեսուրսները` երկրների կողմից անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկվեն իրենց իրավազորության շրջանակներում պատշաճ որակի առողջապահական ծառայությունների հավասար հասանելիություն ապահովելու համար։

27 September 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page