Առողջապահական գրագիտություն՝ արդյունավետ եվ վստահելի առողջապահական համակարգի միասնական հիմք
Լինելով սերտորեն փոխկապակցված ընդհանուր գրագիտության հետ՝ առողջապահական գրագիտությունը նրա անբաժանելի մասն է, ներառելով տվյալների մասին գրագիտությունը և քաղաքացիական գրագիտությունը, որոնք անհրաժեշտ են աշխարհը ճանաչելու համար: Բացի ընդհանուր առողջապահական հարցերից այն հաճախ առնչվում է կոնկրետ բովանդակությանը կամ համատեքստին, օրինակ՝ թվային առողջության, պատվաստանյութերի և դիաբետի վերաբերյալ գրագիտությանը:
Ի՞ՆՉ Է ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՆՉՈՒ՞ Է ԱՅՆ ԿԱՐԵՎՈՐ
Առողջապահական գրագիտության համապարփակ հայեցակարգային մոդելը (տե՛ս ստորև նկարը) կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ ստանում, հասկանում, գնահատում և կիրառում առողջապահության, հիվանդությունների կանխարգելման և առողջության բարելավման վերաբերյալ տեղեկատվությունը: Այն բացատրում է, թե ինչպես է առողջապահական գրագիտությունը զարգանում մարդու կյանքի ընթացքում և ցույց է տալիս անձնական, իրավիճակային և համատեքստային գործոնների ազդեցությունը, օրինակ՝ սոցիալական և բնապահպանական դետերմինանտների: Մոդելը նաև ցույց է տալիս, թե ինչպես առողջապահական գրագիտությունը կարող է ազդել առողջապահական համակարգի օգտագործման և ծախսերի, առողջապահական վարքագծի և արդյունքների, մասնակցության և իրավազորման, արդարության և հուսալիության վրա: Մինչդեռ առողջապահական գրագիտությունը կարևոր է անհատների և բնակչության առողջական խնդիրների ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կարողության համար, առողջապահական գրագիտությունը կախված է նաև առողջապահական համակարգերի կողմից տրամադրվող աջակցությունից, այդ թվում՝ հասանելոիության և կողմնորոշման տեսանկյունից ծառայությունների դյուրին լինելուց, նաև պարզ հաղորդակցության և տեղեկացված որոշումների կայացման հարցերում:
Գծապատկեր. Առողջապահական գրագիտության հայեցակարգային մոդել
Առողջապահական գրագիտությունը չափազանց կարևոր է արդյունավետ և վստահելի առողջապահական համակարգերի համար: Այն մարդկանց հնարավորություն է տալիս շարունակաբար յուրացնել նոր տեղեկատվություն և «ձերբազատվել» հնացած տեղեկատվությունից՝ առողջությունը լավ պահպանելու և լինելու առողջապահական ծառայությունների առումով տեղեկացված օգտատեր:
Մարդկանց և համակարգերի առողջապահական գրագիտության զարգացումը և նրանց միջև փոխադարձ պատասխանատվության ձևավորումը ամրապնդում է առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունների հավասարությունը: Այստեղ կարևոր է հաշվի առնել, որ մարդկանց խոցելիությունը որոշվում է և ազդում է նրանց կարողունակությունների և կարիքների, ինչպես նաև առողջապահական ծառայությունների կազմակերպման վրա: Հետևաբար, առողջապահական գրագիտության զարգացումը պետք է երաշխավորված լինի բոլորի համար, ներառյալ խոցելի իրավիճակներում գտնվող մարդկանց, ովքեր բախվում են առողջապահական գրագիտության մարտահրավերներին:
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
Առողջապահական գրագիտությունը առողջության պահպանման կարևոր նախապայման է և առողջական անհավասարություններից խուսափելու առանցքային գործոն: հետազոտողների կողմից բացահայտվել է ուժեղ սոցիալ-տնտեսական փոխկապակցվածություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակը, վատ կրթությունը, առողջական անբարենպաստ վարքագիծը, առողջության սխալ ինքնագնահատումը և ծառայությունների ավելի լայն օգտագործումը կապված առողջապահական գրագիտության սահմանափակ մակարդակի հետ: Առողջապահական գրագիտության բացերը կարող են հանգեցնել տարբեր երկրների և որևէ կոնկրետ երկրի բնակչության տարբեր խմբերի միջև անհավասարության:
Ցածր առողջապահական գրագիտությունը բերում է մարդկային և ֆինանսական ռեսուրսների արտահոսքի և խոչընդոտում է կայուն զարգացումը: Եվրոպայում առողջապահական գրագիտության վերաբերյալ տնտեսական հետազոտությունները սակավ են: Վատ առողջապահական գրագիտության ծախսերի գնահատումը բարդ ոլորտ է, որը պահանջում է որոշակի ենթադրություններ կատարել: ԱՄՆ-ում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջապահական ցածր գրագիտության պատճառով տարեկան ծախսը կազմում է առողջապահության բյուջեի 3-5%-ը2։ Ելնելով այս գնահատականներից՝ Անգլիայում առողջապահական ցածր գրագիտության հետ կապված ծախսը կարող է հասնել 2.95–4.92 միլիարդ ֆունտի (հիմնվելով Անգլիայի Ազգային առողջապահական համակարգի 2014-15 թվականների բյուջեի վրա, որը կազմում է 98.4 միլիարդ ֆունտ)3։ Այդուհանդերձ դժվար է ԱՄՆ-ի ծախսային ցուցանիշները ճշգրիտ կերպով փոխադրել Եվրոպայի առողջապահական համակարգերը: ԱՄՆ-ում Medicare-ի շահառուների շրջանում անցկացված վերջին ուսումնասիրության համաձայն առողջապահական գրագիտության բարելավումը կարող է կանխել մոտ մեկ միլիոն հիվանդանոցային այցելություններ, թույլ տալով տարեկան խնայել ավելի քան 25 միլիարդ դոլար։
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական սոցիալական խարտիայի հետ մեկտեղ Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) ապահովում է առողջապահության ոլորտում մարդու իրավունքների շրջանակը, սահմանելով սկզբունքներ, որոնց իրականացումը էապես կախված է առողջապահական գրագիտությունից։ Օրինակ՝ առողջապահական միջամտության ենթարկվելու տեղեկացված համաձայնության սկզբունքը (Օվիեդոյի կոնվենցիայի 5–րդ հոդված) ենթադրում է համապատասխան տեղեկատվության հասանելի լինելու և այն հասկանալու հնարավորություն՝ դրան համաձայնություն տալու համար: Այլ կերպ ասած, առողջապահական գրագիտությունը (տեղեկատվության ընկալումը և հասանելիությունը, քննադատական մտածողությունը) հնարավորություն է տալիս մարդկանց գնահատել միջամտության օգուտները և ռիսկերը, որպեսզի կայացվեն լիովին տեղեկացված որոշումներ:
Առողջապահական գրագիտությունը կարևոր դեր ունի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից 3-րդ նպատակին «Առողջ կյանքի և բարեկեցության ապահովում բոլոր տարիքում բոլոր մարկանց համար» հասնելու գործում: Առողջապահական գրագիտությունը կարելի է համարել մարդկանց իրավազորման գործիք՝ օգտագործելով հաղորդակցման տարբեր ձևեր և գործողություններ, որոնք ձեռնարկվում են առողջապահական համակարգերի և այլ քաղաքականությունների միջոցով՝ տեղեկատվության հասանելիություն ապահովելու, այն հասկանալու և օգտագործելու այնպիսի եղանակներով, որոնք նպաստում են առողջության բարելավմանը և պահպանմանը: Ավելին, առողջապահական գրագիտությունը ռազմավարական մոտեցում է բոլորի կողմից առողջության ամենաբարձր հասանելի մակարդակին հասնելու համար՝ հիմնված չորս կարևոր տարրերի վրա. 1) Մատչելիություն. հանրային առողջապահության և առողջապահական հիմնարկների, ապրանքների և ծառայությունների առումով, ինչպես նաև բոլորի համար մատչելի ծրագրերի անհրաժեշտություն. 2) Հասանելիություն. առողջապահական հիմնարկները, ապրանքներն ու ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլորին և լինեն մատչելի առանց խտրականության, ապահովեն տեղեկատվության հասանելիությունը և գտնվեն (ֆիզիկական) հասանելիության սահմաններում. 3) Հանդուրժողական. բոլոր առողջապահական հիմնարկները, ապրանքները և ծառայությունները պետք է հարգեն բժշկական էթիկան և մշակութային նորմերը. 4) Որակ. բոլոր առողջապահական հիմնարկները, ապրանքներն ու ծառայությունները պետք է նաև լինեն գիտական և բժշկական տեսանկյունից համապատասխան և որակյալ, հմուտ բուժանձնակազմի ներգրավմամբ:
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Առողջապահական համակարգերը և դրանց գործարկողներն և մատակարարները չափազանց կարևոր են՝ մարդկանց հնարավորություն տալու ազատ և տեղեկացված որոշումներ կայացնել իրենց առողջության վերաբերյալ: Առողջապահական գրագիտությունը պացիենտներին հնարավորություն է տալիս հաղթահարելու համակարգերի բարդությունները, ծանոթանալու գիտելիքներին և մեթոդներին, հնարավորություն տալ նրանց գնահատել տեղեկատվությունը և որոշում կայացնել բուժման և խնամքի վերաբերյալ:
Առողջապահական գրագիտությունը կարևոր է առողջության ամրապնդման ավելի լայն համատեքստում: Այն վերաբերում է տարբեր գիտական և կլինիկական տեղեկատվության ըմբռնմանը` առողջության բարելավմանը նպաստելու համար (առողջության ամրապնդման միջոցները ձեռնարկվում են հիվանդություններից խուսափելու համար, և, որպես այդպիսին, դրանք չեն կարող անձամբ փորձարկվել, ի տարբերություն բուժումների և թերապիաների, որոնք շոշափելի ազդեցություն են թողնում մարդկանց վրա հիվանդության ժամանակ):
Դիտարկենք հետևյալ օրինակները.
- Covid-19 համաճարակը հանցեցրեց մարդկության պատմության մեջ պատվաստումների ամենամեծ ծավալներին։ Մարդկանց առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներից էր պատվաստման ռիսկի և օգուտի համեմատումը (որն, ըստ էության, պահանջում է վիճակագրական տվյալների խորը հայեցակարգային ըմբռնում, այդ թվում՝ տոկոսների, հավանականության, կանխատեսող մոդելների և տարբեր սցենարների): Այս առումով, առողջապահական գրագիտությունը կարող է օգնել մարդկանց ընկալել և գնահատել հարակից ռիսկերը:
- Առողջ սննդակարգը նպաստում է առողջ կյանքին, ներառյալ սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազմանը: Սննդակարգը մեծապես կախված է հասարակության անդամների և մարդկանց խմբերի մշակութային և աշխարհագրական հարաչափերից: Այս առումով, առողջապահական գրագիտությունը նպաստում է տարբեր մարդկանց և խմբերի անհրաժեշտ հմտություններին, զգացմունքայնությանը և կարեկցանքին՝ նրանց ամենօրյա սննդակարգում փոփոխությունները խրախուսելու համար:
Հետևաբար, առողջապահական գրագիտությունը կարող է դիտվել որպես թ՛ե անձնական, և թ՛ե հանրային առողջության դետերմինանտ: Այն նպաստում է մարդկանց առողջությանը և առողջապահական ընդհանուր գիտելիքներ ունեցող համայնքների կամ մարդկանց այլ խմբերի առողջությանը: Այլ կերպ ասած, առողջապահական գրագիտությունը, ըստ էության, հարաբերությունների հետ կապված գործունեություն է, որը կարող է նպաստել ընդհանուր բարեկեցության բարելավմանը, ներառյալ խոցելի իրավիճակներում գտնվող մարդկանց: