Ժողովրդագրական տարբերություններ
Ցանկացած երկրում տարբեր տնտեսական և սոցիալական խմբեր կարող են տարբեր կերպ ստանալ հոգեկան առողջության ծառայությունները (նաև բոլոր ծառայությունները): Ցածր եկամուտ ունեցող խմբերի մարդիկ՝ կանայք, տղամարդիկ, երեխաները և երիտասարդները, տարեցները, LGTBI+ համայնքը, միգրանտները, փախստականները և ապաստան հայցողները, էթնիկ փոքրամասնությունները և այլն, դրանք բոլորը, ամենայն հավանականությամբ, տարբեր կերպ են ենթարկվում հարկադրանքի միջոցների:
Այս ձեռնարկում Ժողովրդագրական հարցերը միայն ընդհանուր գծերով են նշվել ՝ հիմնականում կոնկրետ ծառայությունից օգտվող ընդհանուր բնակչության համատեքստում։ Օրինակ, բելգիական TANDEMplus ծրագիրը սպասարկում է Բրյուսելի մի մասը, որտեղ կան մեծ թվով միգրանտներ, տնակներում և/կամ հանրակացարաններում ապրող մարդիկ, ինչպես նաև գործազրկության և թմրամիջոցների օգտագործման ավելի բարձր մակարդակ է: Այլ ուսումնասիրություններում նույնպես մատնանշվել են նմանատիպ սոցիալ-տնտեսական խնդիրներն այն ոլորտներում, որտեղ գործում էին ծառայությունները (օրինակ, Նորվեգիայի զսպման նվազեցման ծրագիրը Լովիսենբերգի սարկավակային հիվանդանոցում, Հոգեկան առողջության կլինիկայում):
Սակայն, ծրագրերից և ոչ մեկը, ըստ երևույթին, բացահայտորեն նախատեսված չի եղել բնակչության կոնկրետ ենթախմբերի համար:
Գենդեր
Գործելակերպերից/նախաձեռնություններից/ծրագրերից և ոչ մեկը բացահայտ չի անդրադառնում գենդերային դերին և կանանց և տղամարդկանց տարբեր փորձառություններին և կարիքներին:
Որոշ ծրագրերում նշվել են գենդերային գործոնի հիման վրա տարբեր արդյունքներ: Օրինակ, «Վեց հիմնական ռազմավարություններ» ծրագիրը Անդալուսիայում (Իսպանիա) ցույց է տվել, որ մեխանիկական զսպման ենթարկված անձանցից 65%-ը եղել են տղամարդիկ, իսկ 35%-ը՝ կանայք: Այս օրինաչափությունը պահպանվեց ծրագրի 3-ամյա իրականացման ընթացքում, անկախ այն հանգանմանքից, որ ծրագիրը հանգեցրեց զսպման դեպքերի ընդհանուր 15% նվազման: Սակայն, այս գենդերային դինամիկան, ըստ երևույթին, ներկայումս առկա ռեսուրսներում չի վերլուծվել, և չի կարելի ասել, որ այն շատ բան է բացահայտում հարկադրանքի այլընտրանքների առումով գենդերային գործոնի կարևորության մասին:
Հարկադրանքի նվազեցման և կանխարգելման վերաբերյալ ընդհանուր գրականության մեջ կա ընդամենը մի քանի փաստերի վրա հիմնված ուսումնասիրություն, որտեղ բացահայտորեն հաշվի են առնվում տարբերություններն ըստ սեռի: (տե՛ս օրինակ Long et al., 2015)։ Ըստ Քլայվ Լոնգի և գործընկերների (Clive Long et al (2015)) ուսումնասիրությունների՝ գենդերը զգալի ազդեցություն ունի հարկադրանքի կիրառման եղանակի վրա: Նման ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նաև այլ սոցիալ-տնտեսական գործոններով: Օրինակ, Մեծ Բրիտանիայում ոչ հոժարակամ միջամտությունների ենթարկված անձանց շրջանում սևամորթ-բրիտանացի տղամարդկանց կշիռն անհամաչափ մեծ է (Gajwani et al., 2016)։ Մեծ Բրիտանիայից մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ անհապաղ հոսպիտալացման, այդ թվում՝ հարկադրանքի հարցում սպիտակ բրիտանացիների և սև բրիտանուհիների միջև կան «զգալի էթնիկ անհավասարություններ», որնք նաև նկատվում են սպիտակ բրիտանացի և «սպիտակ այլ» կանանց միջև (Lawlor et al, 2012)։ Հարկադրանքի նվազեցման և կանխարգելմանն ուղղված ջանքերում կարևոր գենդերային չափորոշիչները ավելի մանրամասն դիտարկելու համար կարող են պահանջվել լրացուցիչ հետազոտություններ:
Ռասայական և էթնիկ փոքրամասնություններ
Ձեռնարկում ներկայացված ծրագրերից ոչ մեկում հստակ հաշվի չեն առնվում ռասսայական և էթնիկ փոքրամասնությունների հետ կապված գործոնները, թեև, ինչպես և գենդերային գործոնի դեպքում, դրանք կարող են հաշվի առնվել հենց ծառայության կամ համայնքային կազմակերպության մակարդակում: Ներկայացված նյութներից մեկում նշվել է ծրագրի իրականացման տարածքում միգրանտների մեծ թվի մասին (TANDEMplus), սակայն այս դիտարկումը բուն ծրագրի հիմնական մասը չի կազմում:
Ինչպես նշվեց, ավելի լայն գրականությունը ցույց է տալիս, որ էթնիկ փոքրամասնությունները և միգրանտները բնակչության այլ խմբերի համեմատ ավելի հաճախ են հայտնվում հոգեկան առողջության հաստատություններում, նաև, ավելի շատ են ենթարկվում հարկադրանքի (տե՛ս Lawlor et al., 2012; Norredam et al., 2010)։ 1983 թվականի Մեծ Բրիտանիայի հոգեկան առողջության մասին օրենքի (Անգլիա և Ուելս) 2019 թվականի գնահատման մեջ օրինակ, հաղորդում է, որ 2017-18 թվականներին «Բրիտանական սևամորթ կամ սևամորթ խմբերի 100,000 բնակչի հաշվով եղել է հիվանդանոցում հարկադիր պահելու 289 դեպք, սպիտակամորթների 72-ի դիմաց» և որ«[համայնքային բուժման կարգադրությունները] Բրիտանական սևամորթ կամ սևամորթ խմբերի համար սպիտակամորթ խմբում գտնվողների համեմատ ավելի քան ութ անգամ ավելի շատ են եղել» (Legraien, 2018)։
Գրականության մեջ քննարկված էթնիկական որոշ տարբերությունների հիմքում կարող են լինել տնտեսական գործոններ։ Սակայն, Ֆիբի Բառնեթն ու գործընկերները (Barnett et al., 2019թ․, էջ 314) նշում են, որ առնվազն Մեծ Բրիտանիայում սոցիալ-տնտեսական և կլինիկական տարբերությունների նույնականացումը ըստ էթնիկ խմբի և ոչ հոժարակամ կարգավիճակի դժվար է, քանի որ նման տեղեկատվությունը «հազվադեպ է հաղորդվում՝ կանխելով բովանդակալից հետաքննությունը», ընդ որում հնարավոր է, որ տվյալների վատ որակի հետ կապված նմանատիպ խնդիրներ առկա են ողջ Եվրոպայում: Որոշ էթնիկ կամ մշակութային խմբեր ստեղծել են սեփական ծառայություններ կամ դիմել են դրանց ստեղծման համար, օրինակ՝ «Sharing Voices Bradford»-ը Միացյալ Թագավորությունում, որն աջակցության ծրագիր է բրիտանացի սևամորթների և հոգեկան առողջության ճգնաժամի մեջ գտնվող միգրանտների համար, հատկապես նրանց, ովքեր բախվում են սոցիալական բացառման, մեկուսացման և խտրականության (Gooding et al., 2018թ․, էջ 206)։
Այլ անձինք
Կան փաստեր, որոնք ցույց են տալիս, որ տարեցները հոգեկան առողջության համատեքստում ոչ հոժարակամ միջամտությունների են ենթարկվում ավելի հաճախ, քան մյուսները (Gooding, 2018 էջ 112)։ Այս ձեռնարկի պրակտիկաներից և ոչ մեկը բացահայտորեն չի անդրադարձել այս խմբին, համենայն դեպս ներկայացված նյութերում, թեև Արևելյան Լիլի «Քաղաքացիական հոգեբուժություն» մոդելը ներառում է տարեց մարդկանց հատուկ աջակցության ծրագրեր: Որոշ լրացուցիչ հետազոտություններում ներկայացված է Հունաստանի շարժական հոգեկան առողջության ստորաբաժանումների կողմից Հունաստանի հեռավոր և գյուղական շրջաններում ապրող տարեցներին ծառայությունների մատուցմանն ուղղված հատուկ ծրագիրը (Peritogiannis et al., 2017)։
Այլ ժողովրդագրական հարցեր
Ավելի լայն գրականության մի շարք ուսումնասիրություններ անդրադառնում են հատուկ խմբերի, մասնավորապես՝ բանտարկյալների կամ դատաբժշկական հոգեկան առողջության հաստատություններում պահվող անձանց (տե՛ս օրինակ Maguire et al., 2012; Olsson & Schön, 2016), երեխաների և դեռհասների ( Martin et al., 2008), և տարեցների (Gjerberg et al., 2013; Mann-Poll et al., 2018), թեև ներկայացված նյութերում որևէ նման տեղեկություն չկար։ Հավանաբար մեծ են նաև տարբերությունները ցածր կամ բարձր եկամուտ ունեցող, երիտասարդների/տարեցների, մտավոր և ճանաչողական հաշմանդամություն ունեցող մարդկանց, գյուղական/քաղաքային բնակչության և այլ խմբերի միջև:
Ինչ վերաբերում է գյուղական և հեռավոր շրջանների բնակչության առջև ծառացած խնդիրներին, դրանց լավ են արձագանքում Հունաստանի հոգեկան առողջության շարժական ստորաբաժանումները և Ֆիննական «Բաց երկխոսությունների» ծրագիրը։
Ոչ հոժարակամ միջամտությունների փորձ ունեցող մարդկանց ժողովրդագրական բնութագրերի վերաբերյալ հետագա միջազգային ուսումնասիրության համար կան բազմաթիվ առաջարկներ (Curley et al., 2016թ․, էջ 53)։