Նպատակ.
Բարձրացնել առողջապահական գրագիտությունը համազգային մակարդակով՝ զարգացնելով անհրաժեշտ կոգնիտիվ և սոցիալական հմտություններ՝ առողջապահության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, հասկանալու և օգտագործելու համար՝ բնակչության առողջությունը բարելավելու և պահպանելու նպատակով:
Խնդիրներ.
- մշակել և կիրառել բնակչության առողջապահական գրագիտության ներկա վիճակը ներկայացնող գնահատման սանդղակներ.
- մշակել և տարածել առողջապահական ճշգրիտ, մատչելի և կիրառելի տեղեկատվություն.
- մշակել և իրականացնել առողջության հետ կապված ծրագրային հավելվածներ, ինչպիսիք են E-NABIZ-ը և MHRS-ը։ MHRS-ը բժշկական այցելությունների պլանավորման կենտրոնական համակարգն է։ E-NABIZ-ը անձնական առողջապահական գրառումների համակարգ է, որը կառավարում է անձնական առողջության մասին տեղեկատվությունը և օգտագործվում է հանրային և առողջապահական մասնագետների կողմից՝ դիտարկելու ախտորոշումները և բուժումը, թեստերը և հետազոտությունների հաշվետվությունները, ախտորոշիչ պատկերագրման գրառումները և հաշվետվությունները, դեղատոմսերը, պատվաստումները, առողջապահական ծառայությունների այցելություններ, պացիենտի անցյալ և ապագա նշանակումները.
- բարձրացնել բուժաշխատողների առողջապահական գրագիտությունը.
- բարելավել հիվանդությունների և ռիսկի գործոնների վերաբերյալ սոցիալական իրազեկությունը.
- ձևավորել առողջ ապրելակերպի մշակույթ.
- բարձրացնել հանրային իրազեկվածությունը առողջապահական ծառայություններից ժամանակին օգտվելու վերաբերյալ.
- իրականացնել հսկողություն և գնահատումներ:
Թիրախային խումբ.
Նպատակն է ծրագրում ներառել հանրության բոլոր խմբերը, այդ թվում՝ երեխաներին, հղի կանանց, ծնողներին, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցներին:
Իրականացման եղանակը.
Միջոցառումների ծրագիրն իրականացվում է համապատասխան շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ, մասնավորապես՝ համալսարանների, TÜİ K–ի (Թուրքիայի վիճակագրական ինստիտուտ), TRT–ի (Թուրքական ռադիոհեռուստատեսություն), մասնավոր հեռուստատեսային և ռադիոալիքների, այլ նախարարությունների և հասարակական կազմակերպությունների: Նախարարությունները և նրանց տարածքային կազմակերպություններն իրենց պարտականությունների շրջանակում նախապատրաստում են առողջապահական գրագիտության հետ կապված ծրագրեր (օրինակ՝ Ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարությունը Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է առողջապահական գրագիտության դասընթացներ ընտանիքների համար): Համագործակցություն է պլանավորվում է հետևյալ հաստատությունների հետ.
- TUIK-ի՝ բնակչության առողջապահական գրագիտության ներկա վիճակը ներկայացնող գնահատման սանդղակների կիրառման հարցում.
- համալսարանների՝ վերոնշյալ գնահատման սանդղակների արդյունքների գնահատման և գիտական հրապարակումների պատրաստման համար.
- TRT–ի՝ մասնավոր ռադիո/հեռուստաալիքների, ավանդական և նոր մեդիա ալիքների՝ մեծահասակների համար առողջապահական գրագիտության բարձրացմանն ուղղված հաղորդումների պատրաստման համար.
- Թուրքիայի քաղաքապետարանների միության և համապատասխան ՀԿ-ների՝ ամբողջ երկրում գործունեության կազմակերպման և տարածման համար.
- Թուրքիայի կանաչ կիսալուսնի միության՝ կախվածության մասին իրազեկվածության բարձրացման համար.
- Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կախվածության և թմրամիջոցների ռացիոնալ օգտագործման վերաբերյալ ուսումնասիրությունների համար:
Գործողությունների ծրագրի շրջանակներում գործողությունների արդյունավետության և շարունակականության համար.
- յուրաքանչյուր կառույցի առաքելության, տեսլականի և աշխատանքի դաշտի համաձայն՝ գործընկեր կառույցների շարքում նշանակվում է պատասխանատու կառույց, որը 6 ամիսը մեկ կատարողականի մասին հաշվետվություն է ներկայացնում.
- շահագրգիռ կառույցների պատասխանատվության ներքո իրականացվող գործողությունների վերաբերյալ տվյալները մուտքագրվում են առցանց մոնիտորինգի հարթակ.
- Առողջապահության նախարարության առողջապահության բարելավման համար պատասխանատու գլխավոր տնօրինությունը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ մոնիտորինգ է իրականացնում և կատարողականի հաշվետվություններ է պատրաստում՝ ապահովելու Միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների արդյունավետությունն ու շարունակականությունը:
Վերջնարդյունք.
Առողջ ապրելակերպի վարքագծի բարելավում և շարունակականություն:
Ավելացված արժեք.
Առողջապահական ցածր գրագիտությունը հանդիսանում է բացասական վարքագծի տարբեր դրսևորումների և հետևանքներիի պատճառ, ինչպիսիք են առողջապահության հետ կապված հաղորդագրությունների վատ ընկալումը, դեղերի ոչ պատշաճ օգտագործումը, կանխարգելիչ առողջապահական ծառայությունների թերօգտագործման հետևանքով հոսպիտալացումների ավելացումը և շտապ օգնության ծառայություններից օգտվելու չարաշահումը: Այս իրավիճակները խոչընդոտում են առողջապահական ծառայությունների արդյունավետ օգտագործմանը, դրանք նաև հանգեցնում են ցածր արտադրողականության, հիվանդացության և մահացության աճի և բժշկական ծախսերի ավելացման: Այդ ամենից ելնելով կանխատեսվում է, որ առողջապահական գրագիտության մակարդակի բարձրացման շնորհիվ կարձանագրվի կյանքի ընդհանուր որակի բարձրացում և առողջապահական ծախսերի զգալի նվազում:
Վերջնարդյունք.
Համաձայն 2018թ. «Թուրքիայում առողջապահական գրագիտության մակարդակի և հարակից գործոնների մասին հետազոտության» և Türkiye-Türkiye Sağlık Okur Yazarlığı Ölçeği-TSOY-32-ի առողջապահական գրագիտության սանդղակի, մասնակիցների առողջական գրագիտության մակարդակը կազմում է 30%–ից (անբավարար) 38% (խնդրահարույց-սահմանափակ): Հասարակության բոլոր շերտերի առողջապահական գրագիտության մակարդակը կանոնավոր պարբերականությամբ չափելը կարևոր ուղեցույց է առողջապահական գրագիտության բարելավմանն ուղղված գործողությունների և քաղաքականության համար:
Գործողությունների ծրագրի ակնկալվող արդյունքներն են.
- հասարակության յուրաքանչյուր անդամի համար վստահելի և հասկանալի տեղեկատվություն ստանալու հնարավորությունների ապահովում.
- երեխաների և նրանց ընտանիքների իրազեկության բարձրացում՝ հիմնական կրթության ուսումնական ծրագրում որպես առանձին առարկա ներառելով առողջապահական գրագիտությունը.
- դրական փոփոխություններ անհատների առողջ ապրելակերպի վարքագծում.
- մարդիկ ներգրավված են որոշումների կայացման գործընթացում՝ իրենց բուժման և խնամքի համար.
- մարդիկ հետևում են բուժման հրահանգներին՝ որը թույլ է տալիս նվազեցնել դեղերի ընդունման և օգտագործման սխալները.
- մարդիկ ունեն գիտելիքներ և պատասխանատվություն են կրում իրենց առողջության և հիվանդությունների համար.
- թմրամոլության դեմ պայքարի վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացում.
- մարդիկ ունեն գիտելիքներ վերարտադրողական առողջության, աշխատանքի անվտանգության, տարեցների առողջության և խնամքի, հիվանդների խնամքի, բնապահպանական առողջության, քրոնիկ հիվանդությունների մասին, ինչպիսիք են հիպերտոնիան, շաքարախտը, ասթման, վարակիչ հիվանդությունները, և հետևում են հիվանդությունների կառավարման ծրագրերի պահանջներին.
- ավելի ակտիվ մասնակցություն առողջության բարելավման միջոցառումներին, ինչպիսիք են քաղցկեղի սկրինինգը, առողջության համար վտանգավոր վարքագծի կանխարգելումը, տնային պատահարների կանխումը, ընտանեկան կրթական ծրագրերը.
- կանխարգելիչ առողջապահական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության պակասի վերացում և այդ ծառայություններից արդյունավետ օգտագործում.
- շտապ օգնության ծառայությունների և հոսպիտալացումների ոչ պատշաճ օգտագործման նվազեցում.
- առողջապահական ծախսերի կրճատում։