Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ հոկտեմբերի 9-10-ին տեղի ունեցավ Օվիեդոյի կոնվենցիայի և լրացուցիչ արձանագրությունների հիմնական սկզբունքների վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար։ Կարողությունների զարգացման այս դասընթացը «HELP-ը կենսաէթիկայում լրագրողների համար» երկամսյա վերապատրաստման դասընթացի ավարտական միջոցառումն էր, որը HELP-ի պատմության մեջ լրագրողների համար նախատեսված առաջին նմանատիպ դասընթացն է և նպատակ ունի լրագրողներին ապահովել կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ անհրաժեշտ հմտություններով` իրենց ամենօրյա պրակտիկայում կիրառելու համար: Դասընթացին մասնակցություն ունեցան 15 լրագրողներ՝ հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից․
Կարողությունների զարգացման դասընթացին բացման խոսքով հանդես եկան և մասնակիցներին ողջունեցին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի ներկայացումից հետո մասնակիցները ծանոթացան Օվիեդոյի կոնվենցիայի և լրացուցիչ արձանագրությունների, ինչպես նաև կենսաէթիկայի ոլորտում Եվրոպայի Խորհրդի աշխատանքներին, կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանի դերին, հանրային առողջապահական ճգնաժամերում մարդու իրավունքների հիմնական խնդիրներին։
Տեղական և միջազգային փորձագետների կողմից զեկույցներ ներկայացվեցին արտակարգ իրավճակներում մարդու իրավունքների խախտումների, առողջապահական գրագիտության, առողջապահական լրագրության հիմնական սկզբունքների, առողջությանը վերաբերող տեղեկատվության հավաքագրման և փոխանցման առանձանահատկությունների վերաբերյալ։
Միջոցառման ավարտին վերապատրաստման դասընթացն հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։
Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի շրջանակներում։