Տերմինաբանություն
Հոգեկան առողջության խնդիրներ և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձինք
Այս ձեռնարկում օգտագործվում է «հոգեկան առողջության խնդիրներ և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձինք» եզրույթը՝ ընդհանուր գծերով նկարագրելու այն անհատներին, որոնք ապրել են հոգեկան առողջության ճգնաժամ կամ ունեն հոգեսոցիալական հաշմանդամություն, այդ թվում նրանց, ովքեր օգտվում են հոգեկան առողջության ծառայություններից կամ հոգեկան առողջության հաստատություններում ենթարկվել են ոչ հոժարակամ միջամտության: Այս տերմինաբանությունը բխում է ԵԽ 2020-2025 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրից (Եվրոպայի խորհուրդ, 2019թ․, էջ 15), որտեղ օգտագործվում են «հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք» և «հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձինք» եզրույթները:[1] «Հոգեկան առողջության խնդիրներ և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձինք» եզրույթն օգտագործվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Հոգեկան առողջության և մարդու իրավունքների մասին» բանաձևում (2017թ., էջ 4) և այն նաև կիրառվում է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (WPA) 2020 թվականի զեկույցում «Հայտարարություն հարկադրանքի այլընտրանքների կիրառման վերաբերյալ դիրքորոշման մասին․ Հոգեկան առողջության պահպանման բարելավման հիմնական բաղադրիչը» (Rodrigues et al., 2020)։
[1] Այս ձեռնարկում կատարվել է մի փոքր փոփոխություն՝ Ռազմավարական գործողությունների ծրագրում օգտագործվող «հոգեկան առողջության շեղումներ» եզրույթը փոխարինելով «հոգեկան առողջության խնդիրներ» եզրույթով, որն օգտագործվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի և Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կողմից:
Հոգեսոցիալական հաշմանդամություն
«Հոգեսոցիալական հաշմանդամություն» եզրույթն այստեղ օգտագործվում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրները նշելու համար: Այն կիրառվում է 2008 թվականից՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի (այսուհետ՝ ՀԱԻԿ) ուժի մեջ մտնելուց հետո։ Հոգեսոցիալական հաշմանդամությունը տարբերվում է մտավոր հաշմանդամությունից (երբեմն նշվում է որպես զարգացման կամ ուսման հաշմանդամություն) և կոգնիտիվ կամ ճանաչողական հաշմանդամությունից (դեմենցիա կամ ուղեղի վնասվածք ունեցող անձ): Այս ձեռնարկը չի անդրադառնում ծառայություններին, որոնք հատուկ նախատեսված են մտավոր և/կամ ճանաչողական հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ այդ խմբերը նույնպես կարող են ունենալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ և առնչվել հոգեկան առողջության ծառայությունների հետ, այդ թվում՝ ենթարկվել հարկադրական միջամտությունների: Ավելին, որոշ երկրներում մտավոր, ճանաչողական և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների հստակ տարանջատում չի դրվում:[1]
[1] Կան նաև որոշ տեղեկություններ, որ մտավորլ և ճանաչողական հաշմանդամություն ունեցող անձինք հոգեկան առողջության հետ կապված ավելի հաճախ են խնդիրներ ունենում, քան մյուսները (տե՛ս օրինակ՝ Hughes-McCormack et al., 2017), ինչպես նաև ավելի շատ են ենթարկվում հարկադրանքի (Հիմնարար իրավունքների եվրոպական գործակալություն, 2012թ․)։ Սակայն մտավոր և ճանաչողական հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ նախատեսված ծառայությունների դիտարկումը այս ժողովածուի շրջանակներից դուրս է:
հոգեկան առողջության պահպանման լավ գործելակերպ
Ձեռնարկում օգտագործվում է «հոգեկան առողջության պահպանման լավ գործելակերպ» եզրույթը՝ նկարագրելու ԵԽ պատվիրակությունների կողմից ներկայացված գործելակերպի օրնակները, որոնք համապատասխանում են « ինչպես կանխարգելիչ մակարդակում, այնպես էլ ճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության պահպանման կամավոր միջոցառումների խթանման» ընդհանուր նպատակին (համաձայն DH-BIO-ի «2020-2025 թվականների Մարդու իրավունքների և կենսաբժշկության տեխնոլոգիաների ռազմավարական գործողությունների ծրագրի» (էջ 15))։ Այս եզրույթի օգտագործումը չի ենթադրում, որ գործելակերպի օրինակները կատարյալ մոդելներ են, կամ 100 տոկոսով համապատասխանում են ՀԱԻԿ-ին: Իրականում, դրանք ներկայացվում են որպես փոփոխությանն ուղղված քայլերի օրինակներ. ընդհանուր առմամբ դրանք «լավ գործելակերպ են՝ խթանելու կամավոր միջոցառումները հոգեկան առողջության պահպանման ոլորտում» և, հետևաբար, նպատակ ունեն նվազեցնել հարկադիր միջոցների օգտագործումը ԵԽ-ի հաշմանդամության վերաբերյալ ռազմավարության նպատակների իրականացման համար: Դրանց մի մասը զարգացման վաղ փուլում են: Մյուսներն ավելի կայացած են։ Որոշները կարող են ունենալ բաղադրիչներ, որոնք մարդու իրավունքների պաշտպանության մարմինների կամ քաղաքացիական հասարակության փաստաբանների կողմից դիտվում են որպես դրական, մաժամանակ պահպանելով որոշ կողմերը, որոնք դիտվում են որպես բացասական: Վերջապես, նույնիսկ եթե նշված գործելակերպի օրինակը լավ է աշխատում մեկ վայրում, այլ վայրերում կրկնօրինակումը պահանջում է հաշվի առնել նոր պայմանները և, ընդհանուր առմամբ, նախատեսում է բոլոր շահագրգիռ կողմերի, մասնավորապես հոգեկան առողջության ծառայություններից օգտվողների և հոգեբանական հաշմանդամություն ունեցող այլ անձանց մասնակցությունը: (Flynn and Gómez-Carrillo, 2019)։
ոչ հոժարակամ միջոցները
DH-BIO-ի կողմից «ոչ հոժարակամ միջոցները» սահմանվում են որպես «անձի ցանկացած հոսպիտալացում և/կամ բուժում՝ առանց այդ անձի ազատ և տեղեկացված համաձայնության կամ անձի կամքին հակառակ»: «Ոչ հոժարակամ միջոցներ» եզրույթն օգտագործվում է «հարկադրանք» և «հարկադրանքի գործելակերպ» եզրույթների հետ փոխադարձաբար։ Այս եզրույթներն օգտագործվում են մի շարք ոչ հոժարակամ միջամտություններիը նշելու համար:
ԵԽ բոլոր անդամ պետություններում մարդկանց ոչ հոժարակամ հիմունքներով գնահատելու, հոսպիտալացնելու և բուժելու համար սահմանված են իրավակիրառական նորմեր: Միջամտությունը սովորաբար տեղի է ունենում ոչ հոժարակամհոսպիտալացման և հիվանդանոցում բուժման կամ համայնքում հարկադիր բուժման միջոցով: Հարկադրանքի գործելակերպը ներառում է նաև մեկուսացման կիրառումը (երբ մարդը միայնակ է պահվում սենյակում կամ տարածքում, որտեղ ազատ ելքն արգելված է) և սահմանափակման տարբեր ձևեր (երբ անձի ազատ տեղաշարժը սահմանափակվում է ֆիզիկական, մեխանիկական կամ քիմիական միջոցներով) հոգեկան առողջության մասնագիտացված ծառայություններում:
Ոչ հոժարակամ միջոցներ կարող են կիրառվել նաև «ոչ պաշտոնապես» (Molodynski et al., 2016), օրինակ, երբ հիվանդանոցի բժիշկները սպառնում են անձի նկատմամբ կիրառել ոչ հոժարակամ կլինիկական միջամտություն, եթե նա «կամավոր» աջակցությունը չհանդուրժի: Անհրաժեշտության դեպքում, այս ձեռնարկը շեղվելու է «ոչ հոժարակամ միջոցներ», «հարկադրանք» և «հարկադրանքի գործելակերպ» ընդհանուր եզրույթներից՝ նկարագրելու հատուկ միջամտությունների ձևերը, որոնք դիտարկվում են, ինչպիսիք են ոչ հոժարակամ էլեկտրացնցումային թերապիան, մեկուսացումը և մեխանիկական կամ ֆիզիկական զսպման միջոցները: