Նախապատմություն. Հետազոտությունների աճ և հարկադրանքի քարոզչություն
Այս ուսումնասիրությունը համալրում է աջակցության, խնամքի և բուժման կամավոր և առանց հարկադրանքի ձևերի խթանմանը միտված վերջին շրջանի քաղաքականությունը, հետազոտությունները և գործելակերպը (տե՛ս ի թիվս այլոց՝ Barbui et al., 2020; Flynn & Gómez-Carrillo, 2019; Gooding et al., 2020; Hirsch & Steinert, 2019; C. Huber & Schneeberger, 2021; Sashidharan et al., 2019)։ Վերջերս COST (Եվրոպական համագործակցություն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում) ֆինանսավորող գործակալությունը ֆինանսավորել է FOSTREN («Խթանող և ուժեղացնող մոտեցումներ՝ եվրոպական հոգեկան առողջության ծառայություններում հարկադրանքը նվազեցնելու համար» հետազոտական ցանցի ստեղծումը (տե՛ս <www.fostren.eu> [30/09/2021թ․-ի դրությամբ]։
Ստորև հակիրճ ներկայացված են որոշ կարևոր ռեսուրսներ, որոնք հաշվի են առնվել այս ձեռնարկը կազմելիս, և պետք է դիտարկվեն որպես այն լրացնող:
Հասարակական կազմակերպություններ և մարդու իրավունքների ազգային կառույցներ
2019 թվականին «Հոգեկան առողջությունը Եվրոպայում» կազմակերպությունը (այսուհետ՝ ՀԱԵ) հրապարակեց զեկույց՝ «Եվրոպայում հարկադրանքի կանխարգելման, նվազեցման և վերացման հեռանկարահին գործելակերպ»։ Հաջորդ տարի Մարդու իրավունքների ազգային կառույցների եվրոպական ցանցը (այսուհետ՝ ՄԻԱԿԵՑ) ՀԱԵ-ի հետ համատեղ հրապարակեց «Աջակցված որոշումների կայացման իրականացում. զարգացումները ողջ Եվրոպայում և Մարդու իրավունքների ազգային կառույցների դերը» զեկույցը: Երկու զեկույցներն էլ ներառում են մի շարք հեռանկարային գործելակերպեր, որոնք համահունչ են այս ձեռնարկի օրինակներին և ներկայացված են նրա II մասում:
ՀԱԵ-ի և ՄԻԱԿԵՑ-ի զեկույցները միտված են հոգեկան առողջության խնդիրներ և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացուցիչ կազմակերպությունների շահերի պաշտպանությանը, որոնք հետևողականորեն մատնանշել են ոչ հոժարակամ հոգեբուժական միջամտության հետևանքով մարդու իրավունքների խախտումները և հանդես են եկել այլընտրանքների օգտին (նման օրինակներին ծանոթանալու համար տե՛ս Gooding et al. 2018, էջ 201, տե՛ս նաև MIA, n.d.; CHRUSP, n.d; Russo & Wallcraft, 2011)։
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն՝ QualityRights գործիքակազմ և լավ փորձի ուղեցույց
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020 թվականին իրականացված «QualityRights» ծրագիրը տրամադրում է նյութերի համապարփակ փաթեթ՝ խնամքի որակը բարելավելու և հարկադրական գործելակերպը նվազեցնելու համար: Այն ներառում է քաղաքականության և ծրագրերի ստուգաթերթեր և ուսուցման նյութեր, որոնք փորձարկվել և գործարկվել են ցածր, միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներում: Ռեսուրսները նախատեսված են մի շարք աառանցքային դերակատարների (ծառայություններ մատուցողների, բուժաշխատողների, ազգային մարմինների և այլն) օգտագործման համար: Իրականացման ուսումնասիրություններ տեղի են ունեցել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի հետ համատեղ (2020 թ.), որոնց նվիրված ձեռնարկը կոչվում է «Հոգեկան առողջության խնամքում հարկադրանքի այլընտրանքների դեպքերի ուսումնասիրություն», ինչպես նաև իրականացվում են Չեխիայի Հանրապետությունում (տե՛ս ստորև էջ 91)։
Բացի այդ, 2021 թվականին ԱՀԿ-ն հրապարակել է կարևոր աշխատություն՝ «Ուղեցույց հոգեկան առողջության համայնքային ծառայությունների վերաբերյալ. Անձակենտրոն և իրավունքների վրա հիմնված մոտեցումների խթանում»: Այս ռեսուրսը հանդիսանում է ԱՀԿ-ի «Համայնքային հոգեկան առողջության ծառայությունների ուղեցույց և տեխնիկական փաթեթներ» հրապարակումների մի մասը (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2021 թ.): Նյութերը ներառում են ոչ հարկադրական հիմքով ծառայությունների օրինակներ ամբողջ աշխարհից: Ներկայացվում են համայնքային հոգեկան առողջության ծառայությունների զարգացման գծով կոնկրետ առաջարկություններ և գործողություններ, որոնք չեն խախտում մարդու իրավունքները, կենտրոնանալով վերականգնման վրա: Այս համապարփակ փաստաթուղթն ուղեկցվում է յոթ տեխնիկական փաթեթներով, որոնք վերաբերում են հոգեկան առողջության ծառայությունների կոնկրետ կատեգորիաներին և նոր ծառայությունների ստեղծման ուղեցույցով: Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս՝
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիա՝ հարկադրանքի այլընտրանքների կիրառում
2020 թվականին Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան հրապարակել է «Հարկադրանքի այլընտրանքներ. հոգեկան առողջության խնամքի բարելավման հիմնական բաղադրիչ» հայտարարագիրը (Rodrigues et al., 2020), որտեղ մասնավորապես նշված է հետևյալը․
… Հարկադրանքին այլընտրանքների կիրառումը հոգեկան առողջության ոլորտում դեպի վերականգնողական խնամքի համակարգերի ավելի լայն անցման էական տարր է։ Վերականգնմանն ուղղված բուժումն ու խնամքը պահանջում են ոչ միայն հարգանք մարդու իրավունքների նկատմամբ և ծառայություններից օգտվողների ներգրավվածություն, այլև իրավունքների իրականացում ոչ հարկադրական բնույթի խնամքի արդյունավետ ուղիների միջոցով: Սա պահանջում է ուշադրություն այդ ճանապարհին բոլոր կարևոր քայլերին` կանխարգլմանը, վաղ միջամտությանը և հիվանդանոցային միջավայրից դուրս շարունակականությանը` ապահովելու ինտեգրված և անհատականացված խնամք, առավելագույնի հասցնելու թերապևտիկ արդյունքները և խթանելու հոգեկան առողջության խնդիրներ և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները և առողջացումը (Rodrigues et al., 2020) (շեղագիրը բնորինակից)։
Դիրքորոշման հայտարարությունը մշակվել է միջազգայնորեն՝ ազգային հոգեբուժական ասոցիացիաների հետ խորհրդակցելով, և ներառում է իրականացման ռեսուրսների համառոտ ցանկ ( տե՛ս Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիա, 2020թ)։ Հայտարարության նպատակն էր առաջարկել «գործողություն և կամընտիր արձանագրություն, որը նախատեսված է աջակցելու [ասոցիացիաներին] ներգրավվել… իրենց տեղական հանգամանքներին համապատասխան ձևերով» (Herrman, 2020, էջ 256)։
Եվրոպայի խորհուրդ՝ Հաշմանդամության ռազմավարություն (2017-23թթ․)
Ինչպես նշվեց, հոգեկան առողջության հաստատություններում հարկադրանքի նվազեցման, կանխարգելման և վերացման միտումը համընկնում է ԵԽ Հաշմանդամության ռազմավարության հետ (2017-2023թթ․) (Բաժին 3.4), որը վերաբերում է աջակցվող, այլ ոչ թե անձի փոխարեն (սուբստիտուտային) որոշումների կայացման կարևորությանը: «Օրենքի առջև հավասարության ճանաչում» բաժինը պարունակում է հետևյալը.
ՄԱ ՀԱԻԿ-ի համաձայն պետությունները պարտավոր են անձի փոխարեն որոշումների կայացումը հնարավորինս փոխարինել նրա կողմից աջակցվող որոշումների կայացման համակարգերով […]։
Եվրոպայի խորհրդի մարմինները, անդամ պետությունները և այլ համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է ձգտեն.
- ա) Աջակցել անդամ պետություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունակության ապահովման հետ կապված օրենսդրության, քաղաքականության և գործելակերպի բարելավմանն ուղղված ջանքերում:
- բ) Բացահայտել, հավաքել և տարածել լավ փորձը աջակցվող որոշումների կայացման համակարգերի և գործելակերպի վերաբերյալ, որոնք հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց իրավունակության, նախընտրությունների և իրավունքների հասանելիության ապահովման համար:
Քաղաքականության և շահերի պաշտպանության վերաբերյալ այս փաստաթղթերը, ընդհանուր առմամբ, ներկայացնում են բարձր մակարդակի համաձայնություն ամբողջ աշխարհում՝ լավ հոգեկան առողջության քաղաքականության հիմնական բաղադրիչների վերաբերյալ՝ խթանումից մինչև կանխարգելում, բուժում և վերականգնում:
Հարկադրանքիմ վերացման խնդիրը
Հոգեկան առողջության ոչ հոժարակամ միջամտությունների ամբողջական վերացման հնարավորության և ցանկալիության վերաբերյալ դեռևս առկա են տարաձայնություններ (տե՛ս W. Martin & Gurbai, 2019; Pūras & Gooding, 2019; Russo & Wooley, 2020). Այս ձեռնարկում չեն դիտարկվում բանավեճերը, որոնք պատշաճ ձևով լուսաբանվել են այլ աղբյուրներում (տե՛ս օրինակ՝ Gill, 2019; Gooding, 2017; Martin & Gurbai, 2019; Russo & Wooley, 2020; Sugiura et al., 2020; Szmukler, 2019)։ Ձեռնարկում կիրառվող մոտեցումն է, որ աջակցության կամավոր տարբերակների ընդլայնումը և հարկադրանքի նվազեցման և կանխարգելմանն ուղղված ջանքերի ավելացումը կարող է նպաստելւ ոչ հոժարակամ հոգեբուժական միջամտությունները վերացնելու վերաբերյալ առկա տարաձայնությունների հաղթահարմանը (McSherry, 2014; Ruck Keene, 2019)։ Հարկադրանքի կիրառումը նվազեցնող կամ վերացնող գործնական օրինակների վրա կենտրոնանալը նպաստում է հոգեկան առողջության ճգնաժամեր վերապրող և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ամենաբարձր որակի աջակցությանը միտված գործնական քայլերի իրականացմանը։