Back ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ 27-ՐԴ ԱՄՅԱԿԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ 27-ՐԴ ԱՄՅԱԿԸ

Հայաստանում համայնքների ղեկավարների և ավագանիների առաջին ընտրություններից 27 տարի անց Երևանում նշվել է տեղական ինքնակառավարման 27-ամյակը՝ 150 հրավիրյալների մասնակցությամբ։

2023թ․-ի նոյեմբերի 10-ին Երևանում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – 2-րդ փուլ» ծրագրի աջակցությամբ բարձր մակարդակի միջոցառում, որին մասնակցել են Եվրոպայի խորհրդի Մարդկային արժանապատվության, հավասարությունը և կառավարման հարցերով տնօրեն տիկին Կլաուդիա Լուչիանին, ՀՀ փոխվարչապետ պարոն Տիգրան Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Գնել Սանոսյանը, ՀՀ առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանը, ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար պարոն Նարեկ Մկրտչյանը, Երևանի քաղաքապետ պարոն Տիգրան Ավինյանը, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, ավագանու անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և համայնքների ղեկավարներ՝ այդպիսով արտացոլելով տեղական ինքնակառավարման համար անհրաժեշտ բազմամակարդակ մոտեցումը:

Բացելով հանդիսավոր նիստը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը շնորհավորել է Հայաստանի տեղական իշխանություններին, ովքեր դիմակայել են վերջին մի քանի մարտահրավերներին։ Նա բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանում տեղական ինքնակառավարման և կենտրոնական տարածքային կառավարման համագործակցության առաջընթացը։ Նա հիշեցրել է, որ Կառավարության ծրագիրը հավակնոտ է ապակենտրոնացման խթանման իր նպատակներով և հավատարիմ է ժողովրդավարության ամրապնդմանն ու խորացմանը: Նախարար Սանոսյանը կարևորել է միջազգային համագործակցությունը և միջազգային գործընկերների աջակցությունը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և բարձր գնահատել «Լավ կառավարման փորձագիտական կենտրոնի» ջանքերը։

ՀՀ փոխվարչապետ պարոն Տիգրան Խաչատրյանը մատնանշել է տեղական ինքնակառավարման կարևորությունը՝ որպես տեղական ժողովրդավարության հիմնասյուն և դրա արդիականությունը ընդհանուր վարչական տարածքային բարեփոխումներում։

Այս տարեդարձը նշանավորել է Հայաստանում տեղական ժողովրդավարության կայուն առաջընթացը, որը կարևորվել է ՀՀ վարչապետ Փաշինյանի կողմից Լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը հաստատելու մասին որոշման ընդունմամբ։

Տիկին Կլաուդիա Լուչիանին հիշեցրել է, որ Եվրոպայի խորհուրդը կանգնած է ՀՀ համայնքների կողքին՝ այս դժվարին ժամանակներում Ղարաբաղի հայերին աջակցելու նպատակով՝ առաջարկելով կարճաժամկետ լուծումներ և տեղական դիմակայունության ռազմավարություններ առաջնագծի այդ համայնքների համար:

Տիկին Լուչիանին ընդգծել է, որ պետությունների և կառավարությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում (2023թ. մայիսի 16-17-ը) Ռեյկյավիկի ժողովրդավարության սկզբունքները հռչակվել են որպես Ռեյկյավիկի վերջնական հռչակագրի մաս, որը դրոշմ է ժողովրդավարության համար, ինչպես նաև բոլոր 46 անդամ երկրների պարտավորություն՝ «ապահովելու և ամրապնդելու ժողովրդավարությունը և լավ կառավարումը բոլոր մակարդակներում և ողջ Եվրոպայում»:

Հանդիսավոր բացմանը հաջորդել է թեմատիկ կլոր սեղան, որտեղ նախարարի տեղակալ պարոն Վաչե Տերտերյանը ներկայացրել և քննարկել է բարեփոխումները։ Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին բարեփոխումների գործընթացի սկզբից ի վեր ցուցաբերած աջակցության համար և գործընկերությունը որակել է որպես «մշտական»: Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Մարտինա Շմիդտը մեջբերել է Կոնգրեսի վերջին Հռչակագիրը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում հումանիտար իրավիճակի վերաբերյալ (Dec 7/2023): Նա նշել է, որ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – 2-րդ փուլ» ծրագիրն իրականացվում է 2023 թվականի փետրվարին Երևանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի համատեքստում, և ընդգծել է Եվրոպայի խորհրդի մի քանի չափանիշների կարևորությունը, որոնք կարող են օգնել  ապակենտրոնացման գործընթացին տեղեկատվական առումով:

«Հայաստանի համայնքների միության» նախագահ պարոն Էմին Երիցյանը և Գյումրի համայնքի ավագանու անդամ տիկին Քնարիկ Հարությունյանը պանելային քննարկմանը նշել են ֆինանսական տրանսֆերտների արդյունավետ փոխանցման և համայնքների անձնակազմի կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ հաստատված խոհեմ գործելակերպի կայունության ապահովման նպատակով:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 15/11/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Սկիզբ՝ 2022թ. դեկտեմբեր

Տևողություն՝ 37 ամիս

Բյուջե՝ 1 100 000 Եվրո

Դոնոր՝ Ավստրիական զարգացման համագործակցություն

Գործընկերներ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, ՏԻՄ ներկայացնող միավորումներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ

Կոնտակտային անձ՝ Անի Դալլաքյան, ծրագրի ղեկավար

«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» ծրագրի նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման համար եվրոպական չափանիշներին համապատասխան վերանայված օրենսդրության ընդունմանը՝ արտացոլելու Հայաստանի նոր վարչատարածքային քարտեզը, և զարգացնել նոր խոշորացված համայնքների տեղական իշխանությունների կարողությունները՝ ապահովելու, որ նրանք կարողանան ստանձնել նոր պարտականություններ և իրավասությունները։ Այն նաև նպատակ ունի էլ ավելի բարձրացնելու լավ կառավարման սկզբունքների մասին իրազեկվածության աստիճանը և խթանելու անդրսահմանային համագործակցությունը, միջհամայնքային համագործակցությունը և տնտեսական զարգացումը տեղական մակարդակում:

Այս ծրագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները կշահեն տեղական մակարդակում ավելի ներառական, արդյունավետ և ամուր ինստիտուցիոնալ կառույցներից, որոնք ի վիճակի են բարելավել հանրային ծառայությունները և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը՝ բարելավված օրենսդրական դաշտի արդյունքում:

Ակնկալվում է, որ Ծրագրի արդյունքում`

  • Կապահովվի համայնքների և քաղաքացիական հասարակության ակտիվ և բովանդակային մասնակցությունը քաղաքականության մշակման և տեղական կառավարման գործընթացներում:
  • Կընդունվի տեղական տնտեսական զարգացման ներառական քաղաքականություն՝ ֆինանսական ապակենտրոնացմանն աջակցելու և տեղական մակարդակում ֆիսկալ ինքնավարության բարձրացման համար:
  • Կընդունվի վերանայված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և համապատասխան սահմանադրական փոփոխությունները՝ շահագրգիռ կողմերի մեկնաբանությունների լույսի ներքո և եվրոպական չափանիշներին համապատասխան:
  • Կբարելավվի հանրային ծառայությունների մատուցման որակը և հասանելիությունը տեղական մակարդակում։ Այն կաջակցի ռեսուրսների հավասար հասանելիությանը կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի համար:
  • Մեկնարկային դրամաշնորհները կաջակցեն միջհամայնքային համագործակցության (ՄՀՀ) տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների մշակմանը և միջհամայնքային համագործակցության ծրագրերի իրականացմանը՝ համատեղ ծառայությունների մատուցմանն աջակցելու նպատակով:
  • Անդրսահմանային համագործակցության (ԱՍՀ) մեկնարկային դրամաշնորհները կաջակցեն անդրսահմանային տնտեսական զարգացման նախաձեռնությունների ստեղծմանը:
  • Կստեղծվի ՄՀՀ, ԱՍՀ և տնտեսական զարգացման ոլորտում փորձի և լավագույն գործելակերպի փոխանակման հարթակ համայնքների միջև՝ միմյանց միջև փորձի փոխանակումը հեշտացնելու համար: