Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում նույնպես կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը շարունակում են մնալ անհանգստացնող և մտահոգիչ երևույթ: Կանայք բախվում են բռնության տարբեր ձևերի, ներառյալ ֆիզիկական, սեռական, հոգեբանական և տնտեսական բռնության, ինչպես իրենց ընտանիքում, այնպես էլ դրսում:
Եվրոպայի խորհուրդն աջակցել է Հայաստանի երեք մարզային հասարակության կազմակերպություններին՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ին, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ին և «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ին՝ իրականացնել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի հիմնական դրույթների վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման միջոցառումներ՝ ԵԽ-ի, WAVE ցանցի և «ՄԱԿ-Կանայք» կառույցի կողմից համատեղ մշակված մեթոդաբանության հիման վրա: Հաղորդակցական միջոցառումների շրջանակներում իրականացվել է Կոնվենցիայի վերաբերյալ անիմացիոն տեսանյութերի մշակումը, Կոնվենցիայի մասին հրապարակումների և թռուցիկների թարգմանությունը և տարածումը, ինչպես նաև մի շարք սեմինարների և դասընթացների անցկացումն
Արմավիրում, Գավառում, Մարտունիում, Ճամբարակում, Սևանում, Գորիսում, Սիսիանում և Կապանում:
Մասնակից համայնքային և տեղական ինքնակառավարման մարմինների անդամները, ոստիկանության, սոցիալական և առողջապահական ծառայությունների ներկայացուցիչները ծանոթացան Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության ընթացիկ վիճակագրությանը, ազգային օրենսդրության կարգավորումներին, քննարկեցին մի շարք գործնական հարցեր, այդ թվում՝ ընտանեկան բռնության տուժողների համար հասանելի ծառայությունները, ապաստարանները և այլ պաշտպանական միջոցները, ստացան ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության տարածաշրջանային ծառայությունների օգնության գծի հեռախոսահամարները:
Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորում է տրամադրել քաղհասարակության այս տարածքային կազմակերպություններին՝ իրազեկման բարձրացման միջոցառումներ իրականացնելու համար: