Back Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում խափանման այլընտրանքային միջոցների կիրառման խթանմանը

Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում խափանման այլընտրանքային միջոցների կիրառման խթանմանը

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն ընդլայնել է խափանման միջոցների տեսակները՝ սահմանելով վարչական հսկողությունը և տնային կալանքը, որն իրավունքների և ազատությունների սահմանափակմամբ այլընտրանքային խափանման միջոցների շարքում ամենամոտն է կալանքին։  Օրենսգրքի նոր դրույթների պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով Եվրոպայի Խորհուրդը աջակցում է քրեական արդարադատության դերակատարներին նոր գործելակերպի ներդրման հարցում՝ բարելավելով նրանց մասնագիտական հմտությունները և փոխելով նրանց վերաբերմունքը քրեական դատավարության մյուս մասնակիցների հանդեպ՝ նոր օրենսդրությանը համապատասխան։

Հունիսի 19-20-ը Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրերը համատեղ կազմակերպել էին իրավական ոլորտի մասնագետների, այդ թվում՝ պրոբացիայի ծառայութան ներկայացուցիչների համար նախատեսված գործնական ուղեցույցների քննարկում, որոնք անդրադառնում են այլընտրանքային խափանման միջոցների արդյունավետ կիրառմանը խոչընդոտող օրենսդրական և գործնական խնդիրներին:

Մինչ ուղեցույցների նախապատրաստումը տեղեկություններ են հավաքագրվել Վճռաբեկ դատարանի, Գլխավոր դատախազության և Պրոբացիայի ծառայության կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ՝ տնային կալանքի, վարչական հսկողության, գրավի դիմաց ազատման և երկրից բացակայելու արգելքի վերաբերյալ հնարավոր լուծումներ մշակելու նպատակով: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հետ կապված ներպետական օրենսդրության հարցերը, այդ միջոցների կիրառման հետ կապված խնդիրները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և եվրոպական լավագույն փորձի լույսի ներքո ներպետական մակարդակով տնային կալանքի և վարչական հսկողության կիրառման գործնական հարցերը։ Ուշադրության կենտրոնում են եղել նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանն աջակցելու և պրոբացիայի ծառայությունների և Հայաստանի քրեական արդարադատության համակարգի մյուս առանցքային դերակատարների միջև առավել սերտ համագործակցության համար անհրաժեշտ հետագա քայլերի մշակումը:

Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը»  ծրագիրը, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագիրն իրականացվում են Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ.գործողությունների ծրագրի շրջանակներում:

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 19-20 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները