Հայաստանի լրագրողներ և մեդիա ոլորտի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցեցին կանանց նկատմամբ բռնության և հակամարտությունների հետևանքով տեղահանված կանանց ու աղջիկների մասին լուսաբանելիս գենդերազգայուն ձևակերպումներին, դիրքորոշումներին և էթիկապես պատշաճ մոտեցումներին նվիրված դասընթացի, որը տեղի ունեցավ մայիսի 16-17-ը, Ծաղկաձոր քաղաքում։
Մասնակիցները բարելավեցին սոցիալական նորմերի, կարծրատիպերի և գենդերային կողմնակալության ազդեցության մասին իրենց գիտելիքները և վերլուծական քննարկումներ ծավալեցին փախստական կանանց և աղջիկների համար արդիական հարցերի ու հիմնախնդիրների շուրջ։ Դիրքորոշումների ձևավորման, բռնության ենթարկված և այն վերապրած անձանց կարիքների բարձրաձայնման, իրենց պատմություններով կիսվելու համար վերջիններիս հարթակ տրամադրելու գործում մեդիաի դերի վերաբերյալ քննարկումները խթանեցին էթիկապես առավել պատշաճ, անկողմնակալ և արդյունավետ լրագրության ամրապնդումը։
«Դասընթացը շատ բան տվեց ինձ․ հետաքրքիր գործնական աշխատանքների և քննարկումների շնորհիվ ես ընդլայնեցի իմ գիտելիքներն ու պատկերացնումները գենդերային հավասարության և մեդիա հարթակներում գենդերային ներկայացուցչության մասին։ Կարծրատիպերին առնչվող քննարկումները, հատկապես առնականության վերաբերյալ տեսակետները և Հայաստանում առնականության մասին պատկերացումների վերաբերյալ ներկայացված ուսումնասիրությունը սթափեցնող էին: Աշխատելով կրթական ոլորտի զարգացման հիմնադրամում, որը վերլուծելով մարդկության պատմությունը ձգտում է մարտահրավեր նետել գենդերային կարծրատիպերին, հատկապես տպավորիչ էին գենդերային ապատեղեկատվությանը հակազդելու և առնականության շուրջ տարբեր թյուրընկալումները ներկայացնելու վերաբերյալ վերլուծությունները: Այս դասընթացը նպաստեց գենդերային հիմնախնդրի ըմբռնմանը, մոտիվացրեց ինձ ավելի մեծ ջանքեր ներդնել մեր մեդիա նախագծերում այդ հիմնախնդրի ներառական և արդար ներկայացման ուղղությամբ», նշեց դասընթացի մասնակից՝ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Թալին Սաղդասարյանը:
Դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ։