Back Եվրոպայի խորհուրդը խթանում է առողջապահական խնդիրների շուրջ հանրային երկխոսությունը

Առողջապահական ոլորտի մասնագետները ամրապնդեցին հանրային խոսքի և հանրային բանավեճի հմտությունները երկօրյա դասընթաց-քննարկման ընթացքում
Եվրոպայի խորհուրդը խթանում է առողջապահական խնդիրների շուրջ հանրային երկխոսությունը

Առողջապահական հարցերի շուրջ հանրային երկխոսության խթանման կարևորությունը հատկապես ակնառու դարձավ կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված հանրային առողջապահական ճգնաժամի, ինչպես նաև 2020 թվականին Հայաստանի առջև ծառացած կոնֆլիկտային իրավիճակի ժամանակ, երբ ի հայտ եկան առողջապահության ոլորտում էթիկական և մարդու իրավունքների բազմաթիվ մարտահրավերներ։ Առողջապահության ոլորտում որոշումներ կայացնողների և հասարակության տարբեր խմբերի միջև վստահության կարելի է հասնել երկխոսության խթանման միջոցով։ Բժիշկ-պացիենտ հարաբերություններում վստահությունը անկյունաքարային է առողջության վերաբերյալ իրազեկված որոշումներ կայացնելու նպատակով: Եվ Եվրոպայի խորհուրդը շարունակում է ակտիվորեն աշխատել ազգային գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ՝ խթանելու առողջապահական խնդիրների շուրջ հանրային երկխոսությունը:

2024 թվականի հունիսի 8-ին և 9-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը Ծաղկաձորում կազմակերպեց հանրային խոսքի վարպետության ու հանրային բանավեճի հմտություններին նվիրված կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց՝ ՀՀ առողջապահության նախարարության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի, Երևանի քաղաքապետարանի, Երևանի պետական ​​բժշկական համալսարանի, Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի, բժշկական մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչների, ինչպես նաև պրակտիկ բուժաշխատողների համար։ Շուրջ 35 մասնագետներ, ովքեր ներգրավված են հասարակության հետ հաղորդակցության առաջնագծում, բարձրացրին իրենց իրազեկվածությունը հանրային բանավեճի կարևորության շուրջ և ամրապնդեցին իրենց հանրային խոսքի հմտությունները՝ խթանելու հասարակության հետ երկխոսությունը Հայաստանում առողջապահության ոլորտում առկա մարտահրավերների և քաղաքականության զարգացումների շուրջ:

Դասընթացը կազմակերպվել էր 2019 թվականի նոյեմբերին Կենսաբժշկության և առողջության ոլորտներում Մարդու իրավունքների ղեկավար կոմիտեի կողմից ընդունված «Մարդու իրավունքների և կենսաէթիկայի թեմաներով հանրային բանավեճի վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի ուղեցույցի հիման վրա։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆը, ով նշեց, որ յուրաքանչյուր ոք ունի առողջապահության ոլորտում հանրային երկխոսության խթանման գործում պատասխանատվություն, ինչպես նաև ընդգծեց ոչ միայն հանրության և առողջապահության ոլորտում քաղաքականություն իրականացնողների միջև,  այլև մասնագետների, այդ թվում՝ առողջապահության և իրավաբանության ոլորտի մասնագետների միջև երկխոսության կարևորությունը վստահության կառուցման և իրազեկված որոշումներ կայացնելու գործում:

Այս դասընթացի անհրաժեշտությունը հատկանշական էր նաև 2024 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետության կողմից Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրմամբ, որը առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող միակ իրավական պարտադիր ուժ ունեցող միջազգային փաստաթուղթն է: Այսպիսով, աշխատաժողովի մասնակիցները բանավիճում էին Օվիեդոյի կոնվենցիայով ամրագրված սկզբունքների՝ իրազեկված համաձայնության, բժշկական գաղտնիքի, մասնավոր կյանքի իրավունքի, ինչպես նաև օրգանների փոխպատվաստման, վերարտադրողական առողջության իրավունքի և սեռի ընտրության, գենետիկական տեղեկատվության հասանելիության շուրջ՝ նպատակ ունենալով խթանել կոնվենցիայի վերաբերյալ քննարկումներն ու երկխոսությունը շահագրգիռ կողմերի և լայն հանրության միջև:

Կարողությունների զարգացման դասընթաց կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։

 

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 8-9 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները