Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ) կողմից արձանագրվել է, որ ֆինանսական հաստատությունները և նախատեսված ոչ ֆինանսական գործունեության տեսակների և մասնագիտությունների ներկայացուցիչներն զգալի ազդեցություն ունեն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարում: Թեև ավանդաբար փողերի լվացման դեմ պայքարին առնչվող կարգավորումները կենտրոնացել են ֆինանսական հաստատությունների վրա, նախատեսված ոչ ֆինանսական գործունեության տեսակներն և մասնագիտություններն ընդգրկում են տարբեր բնագավառներ և մասնագիտություններ, որոնք հավասարապես խոցելի են ՓԼ/ԱՖ տեսանկյունից:
Փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանն առնչվող արդիական հարցերի քննարկման նպատակով Եվրոպայի խորհրդի կողմից ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ կազմակերպվել է եռօրյա դասընթաց՝ ֆինանսական հաստատությունների և նախատեսված ոչ ֆինանսական գործունեության տեսակների և մասնագիտությունների ավելի քան 140 ներկայացուցիչների մասնակցությամբ:
Դասընթացի հիմնական նպատակը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ինչպես նաև թիրախային ֆինանսական պատժամիջոցների միջազգային պահանջներին համապատասխանության կանոնների պահպանմանն ուղղված ֆինանսական հաստատությունների և նախատեսված ոչ ֆինանսական գործունեության տեսակների և մասնագիտությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումն է։
Միջոցառումը միտված է մասնակիցների համար համապատասխանության ծրագրի հիմնական բաղադրիչների և համապատասխան ոլորտներում ռիսկի վրա հիմնված մոտեցման բացահայտմանը։ Դասընթացի հաջորդ կարևոր նպատակը փորձի փոխանակման արդյունավետ հարթակի տրամադրումն է՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով ակտիվ դերակատարմամբ նպաստել համապատասխան ոլորտների ֆինանսական հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը:
Նկատի ունենալով ներպետական կարգավորումների, ինչպես նաև միջազգային չափանիշների և լավագույն փորձի կիրարկման կարևորությունը՝ դասընթացի շրջանակներում առանձին քննարկման առարկա են դարձվել նաև թիրախային ֆինանսական պատժամիջոցների կիրառման առանձնահատկությունները։ Եռօրյա դասընթացներն արդյունավետ հարթակ են հանդիսացել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ազգային ռիսկերի գնահատման և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների առնչությամբ քննարկումների ծավալման համար:
Ազգային հաստատությունների ակտիվ ներգրավվածությունն արտացոլում է Հայաստանի մոտեցումը ֆինանսական և ոչ ֆինանսական ոլորտները համաշխարհային ՓԼ/ԱՖ չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ՝ ի վերջո նպաստելով երկրում առավել անվտանգ և ապահով ֆինանսական միջավայրի կայացմանը:
Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։