Back Դատախազության անկախությանը և հաշվետվողականությանը նվիրված բարձր մակարդակի խորհրդաժողով Երևանում

Երևանում ավարտվեց Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ համատեղ կազմակերպած՝ «Դատախազության անկախությունը` որպես իրավունքի գերակայության երաշխավոր» բարձր մակարդակի 2-օրյա խորհրդաժողովը։

Խորհրդաժողովի նպատակն էր նպաստել դատախազների անկախության ու հաշվետվողականության շարունակական ապահովմանն ուղղված ընթացիկ բարեփոխումների հիմնական դերակատարների միջև համապարփակ երկխոսությանը` միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին հաջորդեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի տեսագրված ողջույնի խոսքը։

«Մեր ժողովրդի ակնկալիքը՝ ունենալ արդար հանրություն, այդ ակնկալիքի առաջնագծում դատախազությունն է դատարանների և քննչական մարմինների միջև: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ այդ առաքելությունը կիրականացվի: Դատախազության և իրավակարգի դերը պիտի լինի նաև ժողովրդավարության, իրավունքի պաշտպանությունը», - ընդգծեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես ընդգծել են առաջնորդներն անցյալ ամիս Ռեյկյավիկում, իշխանությունների տարանջատման կարևորությունը կայանում է դատական համակարգի անկախության, անկողմնակալության և արդյունավետության երաշխավորման մեջ։ Եվրոպայի խորհուրդն ընդունել է կատարման համար պարտադիր մի շարք չափորոշիչներ և «փափուկ իրավունք»-ի գործիքներ անդամ պետություններին այդ գործում օգնելու նպատակով։ Թեպետ դատախազների անկախության սպառնալիքները պահպանվում են, այս խորհրդաժողովը հնարավորություն է մեզ համար կիսվելու այդ մարտահրավերները բացահայտելու և հաղթահարելու փորձով ու լավագույն գործելակերպով», - ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է խորհրդաժողովին և շնորհավորել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակի նշանակալից իրադարձության կապակցությամբ։ Միջոցառման ընթացքում հրապարակվել են Նախագահի հրամանագրերը՝ դատախազության մի շարք աշխատակիցների դասային աստիճաններ շնորհելու և պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ:

Խորհրդաժողովին մասնակցեցին Եվրոպայի խորհրդի անդամ վեց երկրի գլխավոր դատախազներ (Խորվաթիա, Վրաստան, Էստոնիա, Իտալիա, Լիտվա, Հայաստան),  ինչպես նաև  Դատախազների միջազգային ասոցիացիայի, Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության, Հայաստանի իշխանությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

«Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի շրջանակում կազմակերպված համաժողովը նման ձևաչափով առաջին համատեղ աշխատանքն է Եվրոպայի խորհրդի հետ և ես վստահ եմ, որ փոխգործակցությունը լինելու է շարունակական ու ապացուցելու է իր արդյունավետությունը: Մեր համագործակցությունն ուղղված է եվրոպական լավագույն փորձի հիման վրա Հայաստանի դատախազական համակարգի բարեփոխմանը», - նշեց  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Ես վստահ եմ, որ այս խորհրդաժողովը ծառայելու է  որպես դատախազության, դատարանների, իշխանության այլ ճյուղերի, ինչպես նաև միջազգային հանրության միջև երկխոսության կարևոր հարթակ ... », - եզրափակեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։

Պանելային քննարկումների կենտրոնում էին Եվրոպայի խորհրդի՝ ոլորտին վերաբերող հիմնական փաստաթղթերը, այդ թվում՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի՝ դատախազական ծառայության ինստիտուցիոնալ և գործառնական անկախությանը, դատախազների աշխատանքի ընդունվելուն և մասնագիտական զարգացմանը, թափանցիկ հաշվետվողական համակարգերին, կարգապահական վարույթներին, բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարում դատախազների դերին վերաբերող կարծիքները, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի՝ Իրավունքի գերակայության ստուգաթերթը։

Խորհրդաժողովի մասնակիցները փաստեցին քրեական արդարադատության համակարգերի բազմազան բնույթը ողջ Եվրոպայում, ինչը բխում է տարբեր իրավական մշակույթներից, միաժամանակ ընդգծեցին, որ դատախազական անկախության ընդհանուր պահանջը անկյունաքարային է իրավունքի գերակայության ապահովման և արդարադատության երաշխավորման գործում։

Խորհրդաժողովն ավարտվեց արդյունքներն ամփոփող փաստաթղթի ընդունմամբ։

Հղվող փաստաթղթեր.

  • Խորհրդաժողովի ծրագիր;
  • Վենետիկի հանձնաժողովի Զեկույց դատական համակարգի անկախության եվրոպական չափանիշների վերաբերյալ. Մաս II – Դատախազություն,
  • Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) կարծիք թիվ 9 (2014) դատախազներին վերաբերող եվրոպական նորմերի և սկզբունքների մասին, ներառյալ՝ Հռոմի կանոնադրությունը,
  • ԵԴԽԽ կարծիք թիվ 13 (2018) դատախազների անկախության, հաշվետվողականության և էթիկայի վերաբերյալ,
  • ԵԴԽԽ կարծիք թիվ 17 (2022) շրջակա միջավայրի պաշտպանության գործում դատախազների դերի վերաբերյալ,
  • Վենետիկի հանձնաժողովի՝ Իրավունքի գերակայության ստուգաթերթ,
  • Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի CM/Rec(2000)19 առաջարկություն քրեական արդարադատության համակարգում հանրային դատախազության դերի վերաբերյալ,
  • Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի CM/Rec(2022)20 առաջարկություն մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ։

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։

 

Նախապատմություն

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությունն է՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում լավ կառավարումն ամրապնդելու համար:

ԳԼԿ-ն տրամադրում է նպատակային աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրենց օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Այն աջակցում է, մասնավորապես, Արևելյան գործընկերության երկրների ներպետական բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության բացառման, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով։

 

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 03/07/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

FOLLOW US

Partnership for Good Governance 

 Website

 Facebook

X (former Twitter)

Council of Europe Office in Yerevan

Facebook