Back Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը կիրականացնեն համատեղ ծրագրեր Հայաստանի համար` Գործընկերություն հանուն լավ կառավարման երրորդ փուլի շրջանակներում (2023-2027 թթ.)

Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը կիրականացնեն համատեղ ծրագրեր Հայաստանի համար` Գործընկերություն հանուն լավ կառավարման երրորդ փուլի շրջանակներում (2023-2027 թթ.)

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագրի երրորդ փուլի շրջանակներում 2023-2027 թվականներին Հայաստանում կիրականացվեն նոր ծրագրեր: Այս ծրագրերի տեղական համակարգող հանձնաժողովի առաջին հանդիպումը տեղի ունեցավ երեքշաբթի օրը՝ մայիսի 23-ին, որտեղ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Եվրոպայի խորհուրդը ազգային գործընկեր հաստատությունների 40 ներկայացուցիչների հետ միասին քննարկեցին Հայաստանի համար ԳԼԿ նոր փուլի համատեղ գործողությունները:

«Արևելյան գործընկերության պլատֆորմի ապագայի վերաբերյալ շարունակվող քննարկումների ֆոնին, Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրերի շրջանակում ԵՄ/ԵԽ հաջող սիներգիան գալիս է ապացուցելու ձևաչափի արդյունավետությունը:
«Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում մշակված գործողությունները, որոնք լրացնում են Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը, տեղին են Հայաստանի բարեփոխումների օրակարգի և Հայաստանի կառավարության առաջնահերթությունների տեսանկյունից»,- իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի պետ Վարդուհի Մելիքյանը։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը հաստատեց, - «ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանում բարեփոխումներին։ Մենք առաջնահերթություն ենք տալիս իրավունքի գերակայության ամրապնդմանը՝ դատական համակարգի անկախության միջոցով, լավ կառավարման ամրապնդմանը՝ հանրային կառավարման բարեփոխումների և հակակոռուպցիոն միջոցառումների կիրառմամբ, ինչպես նաև նպաստում ենք ներառական և մարդու իրավունքների վրա հիմնված զարգացմանը: Այս համատեքստում ԵՄ-ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագիրն անփոխարինելի է՝ նպաստելու ԵՄ ջանքերին՝ ուղղված Հայաստանում մարդու իրավունքների վիճակի բարելավմանը և իրավունքի գերակայության/կառավարման համակարգի բարեփոխումները շարունակելուն»։

«ԳԼԿ III-ի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը կշարունակի իր չափանիշների վրա հիմնված աջակցություն ցուցաբերել դատաիրավական ոլորտում, կոռուպցիայի և կանանց նկատմամբ խտրականության ու բռնության դեմ պայքարում` նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների վստահությունը ազգային հաստատությունների նկատմամբ և բարելավել նրանց առօրյա կյանքը», – նշեց Դելֆին Ֆրեյմանը, Եվրոպայի խորհրդի Ծրագրերի և ռեսուրսների մոբիլիզացման վարչության ղեկավար։

Հայաստանում կիրականացվեն ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի կողմից համաֆինանսավորվող երեք ծրագրեր՝ 2,36 մլն եվրո ընդհանուր բյուջեով։ Դրանք հիմնվում են ծրագրի նախորդ փուլերի արդյունքների վրա և նպատակ ունեն աջակցելու Հայաստանի իշխանություններին՝ երկրում իրականացնելու դատաիրավական բարեփոխումներ, ընդլայնելու ազգային կարողությունները տնտեսական հանցագործության արդյունավետ կանխարգելման և իրավահավասարության խթանման ու խտրականության կանխարգելման գործում:

Բացի այդ, Հայաստանը մասնակցում է տարածաշրջանային մակարդակով իրականացվող երեք ծրագրերի, որոնք ուղղված են տնտեսական հանցագործությունների և խտրականության դեմ պայքարին, հավասարության խթանմանը և կանանց համար արդարադատության մատչելիության խթանմանը: Դրանց նպատակն է խրախուսել շփումները շահագրգիռ կողմերի միջև, հարթակ ապահովել քաղված դասերի և լավագույն փորձի փոխանակման համար և, անհրաժեշտության դեպքում, լրացնել ազգային ծրագրի գործողությունները:


Ընդհանուր տեղեկատվություն

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագիրը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությունն է՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում լավ կառավարումն ամրապնդելու համար:
ԳԼԿ-ն տրամադրում է նպատակային աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրենց օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Այն աջակցում է, մասնավորապես, Արևելյան գործընկերության երկրների ներպետական բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության բացառման, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 23/05/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

FOLLOW US

Partnership for Good Governance 

 Website

 Facebook

X (former Twitter)

Council of Europe Office in Yerevan

Facebook