Եվրոպական սոցիալական խարտիան, որը սոցիալական իրավունքների հիմնաքարն է Եվրոպայում, կարևոր դեր է խաղում մարդու հիմնական կարիքների, այդ թվում՝ բնակարանային և տարեցների իրավունքների պաշտպանությունը ապահովելու գործում։
2025 թվականի ապրիլի 3-ին Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված աշխատաժողովը կենտրոնացած էր Եվրոպական սոցիալական խարտիայի այն դրույթների, որոնք դեռևս չեն ընդունվել Հայաստանի կողմից, մասնավորապես՝ բնակարանային և տարեցների իրավունքների վրա։
Միջոցառմանը մասնակցում էին՝ Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպություններից ավելի քան 30 առանցքային ներկայացուցիչներ, ովքեր անդրադարձան սոցիալական բնակարանային ապահովման և տարեցների իրավունքների պաշտպանության ոլորտներում երկրի կողմից շարունակաբար ներդրվող ջանքերին։
Չնայած Հայաստանն արդեն 2004 թվականին վավերացրել է վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան, այնուամենայնիվ, դեռևս չի ընդունել խարտիայի որոշ դրույթներ, որոնք առնչվում են բնակարանային և տարեցների իրավունքներին։ Սակայն վերջին շրջանում իրականացվող բարեփոխումները և նախաձեռնությունները վկայում են ազգային քաղաքականությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հանձնառության մասին։ Աշխատաժողովի նպատակն էր նպաստել այս կարևոր հարցերի շուրջ երկխոսությանը և ուսումնասիրել հետագա օրենսդրական ու քաղաքական առաջընթացի հնարավոր ուղիները։
Քննարկումների ընթացքում ներկայացվեց Եվրոպայի խորհրդի «Սոցիալական բնակարանային ապահովման» զեկույցը, որի շրջանակում առանձնացվեցին Եվրոպական սոցիալական իրավունքների կոմիտեի կարևոր նախադեպային որոշումները։ Այն հարթակ հանդիսացավ կոնկրետ քաղաքականության վերանայման և ռազմավարական պլանավորման համար՝ նպաստելով եվրոպական սոցիալական չափանիշների հետ համապատասխանեցմանը։
Եվրոպայի խորհրդի Սոցիալական իրավունքների դեպարտամենտի Համագործակցության բաժնի ղեկավար Մարգարիտա Գալստյանը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը՝ նշելով․ «Մենք բարձր ենք գնահատում սոցիալական բնակարանային հարցերի և տարեցների իրավունքների ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող նախաձեռնությունները և վերահաստատում ենք Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործում»։
Գաղափարների և հնարավոր լուծումների փոխանակումը հնարավորություն տվեց ամրապնդել համագործակցությունը Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև՝ վերահաստատելով հայ գործընկերների հանձնառությունը խոցելի խմբերի պաշտպանությանը և սոցիալական իրավունքների առաջմղմանը։
Աշխատաժողովը կարևոր քայլ էր խոցելի խմբերի պաշտպանության ուժեղացման համար՝ նրանց հատուկ կարիքները հաշվի առնող նպատակային միջոցներով և երկրում սոցիալական իրավունքների ավելի լայն տարածմամբ։ Այն հաջորդեց «Մարդու սոցիալական իրավունքների ապրապնդումը Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի երկրորդ հանդիպմանը, որի ընթացքում մասնակիցները կարևորեցին շարունակական աջակցության անհրաժեշտությունը՝ ամրապնդելու Հայաստանի սոցիալական իրավունքների շրջանակը և ապահովելու դիմակայունությունը ապագա մարտահրավերներին դիմագրավելու համար։
Աշխատաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի կողմից «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Գործողությունների պլանի շրջանակում։