Ահաբեկչությունը և ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու և ճնշելու նպատակով միջազգային չափանիշները պահանջում են, որպեսզի երկրները ներդնեն թիրախային ֆինանսական պատժամիջոցների առնչվող կառուցակարգեր։ Ահաբեկչության ֆինանսավորման մեջ կասկածվող, ինչպես նաև ներպետական և միջազգային պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված անձանց ակտիվների սառեցումը հանդիսանում է արդյունավետ գործիք ֆինանսական միջոցների ներգրավման, տեղափոխման և օգտագործման փորձերը խափանելիս։
Եվրոպայի խորհուրդը, ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ համագործակցությամբ, կազմակերպել է երկօրյա աշխատաժողով միտված վերահսկողություն իրականացնող իրավասու պետական մարմինների ներգրավմամբ թիրախային ֆինանսական պատժամիջոցների կառուցակարգերի ներդրման և կիրարկման գործում վերջիններիս դերի և պարտականությունների քննարկմանը:
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին միջազգային պատժամիջոցների գործող շրջանակը, պատժամիջոցների տեսակները (ֆինանսական, տնտեսական, առևտրային), ինչպես նաև ֆիզիկական անձանց և կազմակերպությունների՝ միջազգային պատժամիջոցների ցուցակներում ցուցակագրման չափանիշները:
Միջազգային պատժամիջոցների արդյունավետ կիրարկումն ապահովելու կարևորության ընդգծմամբ՝ առանձնահատուկ ուշադրություն է արժանացվել իրավասու պետական մարմինների պարտականությունների (ցուցակագրում/ապացուցակագրում, լիցենզավորում, արտահանման նկատմամբ վերահսկողություն) քննարկմանը:
Միջոցառման ընթացքում քննարկվել են թիրախային ֆինանսական պատժամիջոցների (ինչպես նաև Հայաստանում առկա ընթացակարգերի և միջոցների) նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու ուղիները՝ նպատակ ունենալով կատարելագործել վերահսկման և մշտադիտարկման համապատասխանության ներքին պրակտիկան՝ իրավասու մարմինների կողմից թիրախային ֆինանսական պատժամիջոցների կառուցակարգերի ներդրման միջոցով:
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) համատեղ ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում Եվրոպայի խորհրդի կողմից։