Back Բարեփոխություններ քրեակատարողական առողջապահությունում. Հայաստանի առաջընթացը հեռաբժշկության բնագավառում

Բարեփոխություններ քրեակատարողական առողջապահությունում. Հայաստանի առաջընթացը հեռաբժշկության բնագավառում

Կարևորելով բարձրորակ առողջապահության դերը՝ Եվրոպայի խորհուրդը հետևողականորեն աջակցում է Հայաստանի ազգային իշխանություններին ազատությունից զրկված անձանց համար մատուցվող առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացման հարցում՝ ինտեգրելով հեռաբժշկությունը քրեակատարողական առողջապահական ռազմավարություններում: Սա ներառում է կարիքների գնահատում, ոլորտային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ, հատուկ էլեկտրոնային ծրագրի մշակում, անհրաժեշտ սարքավորումների ձեռբերում և նվիրատվություն, բժշկական և ոչ բժշկական անձնակազմի իրազեկության բարձրացում և կարողությունների զարգացում:

Հիմնվելով Եվրոպայի խորհրդի առաջարկությունների վրա՝ Հայաստանի իշխանությունները ընդլայնել են գործընկերությունը քրեակատարողական առողջապահության և քաղաքացիական հիվանդանոցների միջև։ Սույն թվականի հուլիսի 4-ին «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի և Հայաստանի խոշոր պետական ​​հիվանդանոցներից մեկի՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի միջև ստորագրվել է հեռաբժշկության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այս հուշագիրը կհեշտացնի հեռախորհրդատվությունը՝ ազատությունից զրկված անձանց հնարավորություն տալով հեռակա կարգով ստանալ մասնագիտացված բժշկական խորհրդատվություն: Նման համագործակցությունները կարևոր քայլ են ազատությունից զրկված բոլոր անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ։

Հեռաբժշկությունը, որը ներառում է բուժառուների հեռակա ախտորոշումը և բուժումը օգտագործելով հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ, կարևոր առավելություններ է տալիս այնպիսի միջավայրերում, ինչպիսիք են քրեակատարողական հիմնարկներրը, որտեղ ավանդական բժշկական օգնության հասանելիությունը կարող է դժվար լինել: Հանրային և քրեակատարողական առողջապահական համակարգերը միացնելով հեռահաղորդակցության միջոցով` կարելի է հաղթահարել ազատազրկված անձանց համար առողջապահական հասանելիության որոշակի խոչընդոտներ. այս մոտեցումը կապահովի ժամանակին և մասնագիտացված բժշկական խորհրդատվություններ` առանց նրանց ֆիզիկական տեղափոխման արտաքին բժշկական հաստատություններ:

Հեռաբժշկության կիրառումը դյուրացնելու մեկ այլ աջակցության միջոց էր նաև վերապատրաստման դասընթացը, որը տեղի ունեցավ 2024 թվականի հուլիսի 8-9-ը Հանքավանում: Ազգային իշխանությունների հետ համագործակցությամբ կազմակերպված դասընթացները համախմբել էին Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկների բժշկական անձնակազմին, առողջապահության նախարարության և քաղաքացիական հիվանդանոցների ներկայացուցիչներին: Դասընթացի առաջնային նպատակն էր մասնակիցներին համալրել հեռաբժշկության վերջին միջազգային չափանիշների և լավագույն փորձի մասին գիտելիքներով: Սեմինարները ընդգրկում էին քննարկումներ իրավական և էթիկական նկատառումների, քրեակատարողական հիմնարկներում հեռաբժշկության եզակի մարտահրավերների ու հնարավորությունների և արդյունավետ հեռափորձաքննության ռազմավարությունների վերաբերյալ:

Միջոցառումները կազմակերպվել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում, որն օգնում է ազգային իշխանություններին էլ ավելի խորացնել քրեակատարողական բարեփոխումները, քրեակատարողական առողջապահությունը և ազատությունից զրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 4 ՀՈՒԼԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page