Back Լրագրողների վերապատրաստում՝ մեդիայում ատելության խոսքի դեմ եվրոպական չափանիշների հիման վրա պայքարելու թեմայով

Լրագրողների վերապատրաստում՝ մեդիայում ատելության խոսքի դեմ եվրոպական չափանիշների հիման վրա պայքարելու թեմայով

Էթիկական լրագրությունը խթանելու նպատակով 2024 թվականի հոկտեմբերի 8–9-ին Եվրոպայի խորհուրդը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ, կազմակերպեց երկօրյա վերապատրաստում 20 լրագրողի համար՝ նրանց ապահովելով հմտություններով՝ տարբերելու ատելության խոսքը և ազատ արտահայտվելու իրավունքը։

Լրագրողները կարևոր դեր ունեն մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ փոխանցելով ճշգրիտ, զգայուն և ազդեցիկ տեղեկատվություն: Լրագրողների այս կարևոր դերի ամրապնդումը՝ հանրային կարծիքի ձևավորման և ժողովրդավարական գործընթացների խթանման մեջ, Եվրոպայի խորհրդի հիմնական առաջնահերթություններից է:

Իրենց աշխատանքի միջոցով լրագրողներն ունեն հասարակության վրա ազդեցություն գործելու ուժ, և վերապատրաստման նպատակն էր նրանց ապահովել այն գործիքներով, որոնք թույլ կտան տեղեկացնել հասարակությանը այնպես, որ խթանեն փոխըմբռնումը և պայքարեն ատելության խոսքի դեմ:

Վերապատրաստումը կենտրոնացած էր այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ խոցելի համայնքների հետ կապված թեմաների էթիկական լուսաբանումը, ատելության խոսքի վերաբերյալ ներպետական և եվրոպական իրավական շրջանակների ներկայացումը և մեդիայի ինքնակարգավորումը: Մասնակիցները նաև ուսումնասիրեցին տեղահանված բնակչության հիմնահարցերի լուսաբանման համատեքստում առկա մարտահրավերները և մեդիայի դերը՝ վնասակար կարծրատիպերի կանխարգելման գործում:

Ինչպես նշել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, լրագրողներին ատելության խոսքի վերաբերյալ եվրոպական չափանիշների մասին խորացված գիտելիքներով զինելուն համընթաց, սույն վերապատրաստումը նրանց հնարավորություն տվեց ոչ միայն հայտնաբերել վնասակար հռետորաբանությունը, այլ նաև ակտիվորեն հակազդել դրան՝ հաշվետու լրագրության միջոցով: Հետևաբար, մեդիայի դերը կարևոր է հանդուրժողականության և փոխըմբռնման մշակույթի քարոզման, երկխոսության խթանման, հասարակությունում բազմազանության ապահովման և հասարակական համերաշխությանը նպաստելու գործում: Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել մեդիային իր այս առաքելության իրականացման գործընթացում :

Դասընթացի մասնակից լրագրող Լիլիթ Հովհաննիսյանը նկատել է. “ատելության խոսքի դեմ պայքարում եվրոպական չափանիշները թեմայով վերապատրաստման դասընթացը, կարծում եմ, էական նշանակություն ունի լրագրողների համար։ Մասնավորապես ինձ այն հնարավորություն տվեց պատկերացում կազմել եվրոպական իրավական չափանիշների մասին, ծանոթանալ ՄԻԵԴ-ի դատական ​​պրակտիկային, ատելության խոսքի կարգավորմանը եվրոպական համատեքստում: Այն օգնեց նաև համապարփակ պատկերացում կազմել հայաստանյան գործող օրենսդրության մասին, ներառյալ այն առանձնահատկությունները, թե ինչպես է սահմանվում, կարգավորվում և պատժվում ատելության խոսքը Հայաստանում, ինչ բացեր ու մտահոգություններ կան իրավակիրառ պրակտիկայում”։

Սույն դասընթացը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի համագործակցության բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում»  և Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» տեղական ծրագրերի շրջանակներում՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությամբ։

 

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 8-9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page