Back Երևանում մեկնարկել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների նոր ծրագիրը

Երևանում մեկնարկել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների նոր ծրագիրը

Այսօր Երևանում գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնապես մեկնարկել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագիրը։

Գործողությունների ծրագիրը նպատակ ունի ավելի մոտեցնել Հայաստանի օրենսդրությունը, ժողովրդավարական ինստիտուտները և գործելակերպը եվրոպական չափանիշներին մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում:

«Այսօր մեկնարկած Գործողությունների այս միասնական ծրագիրը Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի հերթական համատեղ քայլերից է»,-նշեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն՝ ընդգծելով, որ Գործողությունների ծրագիրը կօգնի բարձրացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետությունը՝ խթանելով լավ կառավարումը և տեղական ինքնակառավարման բարեփոխումները, պաշտպանելով անձնական կյանքի, սոցիալական և աշխատանքային իրավունքները և շրջակա միջավայրը՝ մարդու իրավունքների տեսանկյունից:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում նշեց․ «Գործողությունների նախորդ ծրագրերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի դրական արձագանքը խոստումնալից է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող՝ այս  Գործողությունների ծրագրի իրականացման համար ավելի բարձր նշաձող սահմանելու առումով: Այս առնչությամբ, ես վերահաստատում եմ Հայաստանի իշխանությունների անվերապահ հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին և արժեքներին, որոնք ամրագրված են նաև կառավարության Գործողությունների ծրագրում»։

Հայաստանի համար այս երրորդ Գործողությունների ծրագրով Եվրոպայի խորհուրդը և Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են համատեղ իրականացնել ծրագրեր՝ ուղղված կենսաբժշկական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ազգային բարեփոխումների գործընթացներին աջակցելուն, ինչպես նաև ծրագրեր ԶԼՄ-ների ազատության, սոցիալական իրավունքների պաշտպանության, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և երեխաների իրավունքների բարելավման ոլորտներում: Համագործակցության այլ ոլորտները ներառում են արդարադատության անկախության և արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի և կիբերհանցագործության դեմ պայքարը, բանտերում առողջապահական պայմանների բարելավումը և դատաիրավական համակարգում պրոբացիայի դերի բարձրացումը:

 Գործողությունների ծրագիր-հայերեն 
 Գործողությունների ծրագիր-անգլերեն
 Եվրոպայի խորհուրդ-Հայաստան համագործակցության մասին լրացուցիչ տեղեկատվություն

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 16/02/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page