Back Վերականգնում պատժի փոխարեն. ընդունվել է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիք

Վերականգնում պատժի փոխարեն. ընդունվել է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիք

2024 թվականի հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով ընդունվել է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման (ՌԿԳ) գործիքը՝ նախանշելով հենասյունային փոփոխություն ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման մոտեցումներում։ Գործիքն այժմ պետք է կիրառվի բոլոր քրեակատարողական հիմնարկներում՝ գնահատելու անհատների վերասոցիալականացման կարիքները և նպաստելու հասարակության մեջ  նրանց հաջող վերաինտեգրմանը:

ՌԿԳ գործիքը հանդիսանում է առաջադեմ գործիք, քանի որ այն թույլ է տալիս համակարգված կերպով մանրամասն գնահատել յուրաքանչյուր դատապարտյալի հատուկ կարիքներն ու ռիսկերը՝ հնարավորություն տալով համապատասխան վերականգնողական ծրագրերի ներդրման: Այս մեթոդը հեռանում է ընդհանրական մոդելից՝ ընդունելով, որ յուրաքանչյուր մարդ ունի առանձնահատուկ հանգամանքներ, որոնք պահանջում են անհատականացված միջամտություններ: ՌԿԳ գործիքի ընդունումն ընդգծում է Հայաստանի հանձնառությունը արդիականացնելու իր քրեակատարողական համակարգը՝ աջակցելով ազատությունից զրկված անձանց ընդհանուր բարեկեցությանը։

Եվրոպայի խորհուրդը շարունակաբար աջակցել է Հայաստանի ազգային իշխանություններին ՌԿԳ գործիքի մշակման գործում՝ սկսած դրա մշակումից և փորձնարկման փուլից չորս քրեակատարողական հիմնարկներում, արժեքավոր պատկերացումներ հավաքելով այն կատարելագործելու և ճանապարհ հարթելով ընդունման համար: Բացի այդ, Եվրոպայի խորհուրդը օժանդակել է քրեակատարողական հիմնարկների անձնակազմի համար համապարփակ վերապատրաստման ծրագրերի ներդրմանը` ապահովելով համապատասխան հմտություններ և գիտելիքներ գործիքի արդյունավետ կիրառման համար: Ավելին, մշակվել է մանրամասն ուղեցույց՝ ներկայացնելով քայլ առ քայլ հրահանգներ և լավագույն փորձ։ Այս համապարփակ աջակցությամբ Հայաստանը լավ դիրք ունի ստեղծելու ավելի մարդակենտրոն և արդյունավետ քրեակատարողական համակարգ, որն ի վերջո օգուտ կբերի ողջ հասարակությանը:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում, որն օգնում է ազգային իշխանություններին էլ ավելի խորացնել քրեակատարողական բարեփոխումները, քրեակատարողական առողջապահությունը և ազատությունից զրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 2 ՀՈՒԼԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page