2022 թվականի դեկտեմբերի 9-ին Եվրոպայի խորհուրդի «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի հաջող ավարտը նշվեց փակման միջոցառմամբ, որը համախմբեց Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչներին և ոլորտի հիմնական մասնագետներին՝ ներկայացնելու 2019 թվականի մարտից մինչև 2022 թվականի դեկտեմբերը ձեռք բերված արդյունքները։
Ծրագրի նպատակներից էր հզորացնել հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունները ուղղված կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին, տուժածների պաշտպանությունը, բռնարարների նկատմամբ քրեական հետապնդումը ինչպես նաև գենդերային հավասարությունը:
Ծրագիրը տրամադրել է եվրոպական չափանիշներին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման կոնվենցիային համապատասխան և ազգային քաղաքականության մեջ ու իրավական համակարգում դրա նշանակության վերաբերյալ տեղեկատվություն և գիտելիք։
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն հայտնեց ծրագրի բոլոր գործընկերներին անցած տարիների ընթացքում ակտիվ համագործակցության համար և ընդգծեց Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը շարունակել աջակցել ՀՀ կառավարությանը 2023-2026թթ․ Հայաստանի համար Գործողությունների ծրագրի շրջանակներում։
«Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել ազգային օրենսդրության կատարելագործման և ընտանեկան բռնությունից տուժածների ծառայությունների ու աջակցության ընդլայնման ուղղությամբ», - շեշտեց տիկին Շմիդտը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնեցին Եվրոպայի խորհրդին շարունակական աջակցության համար և պատրաստակամություն շարունակելու Հայաստանի միջազգային պարտավորություններին համահունչ համագործակցությունը։ Նրանք նաև ընդգծեցին շարունակական և կայուն բարեփոխումների կարևորությունը և իրենց գնահատանքի խոսքն ուղղեցին բոլոր ներգրավված կողմերին իրենց նվիրված աշխատանքի համար։
Ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի շնորհիվ ավելի քան 540 իրավաբան մասնագետներ, 165 ոստիկանության ծառայողներ և 180 սոցիալական աշխատողներ վերապատրաստվել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման թեմայի շուրջ։
Եվրոպայի խորհրդի գենդերահավասարության բաժնի, կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի ենթաբաժնի ղեկավար Մարտա Բեսերան, կարեւորեց հետագա համագործակցության ոլորտները, որոնք քննարկվել են հայ շահագրգիռ կողմերի հետ կարիքների գնահատման հանդիպումնների ընթացքում։ Եվրոպայի խորհրդի նոր ծրագիրը, որը հիմնված է այս ծրագրի արդյունքների վրա, նախատեսվում է սկսել 2023 թվականին։ Այն կներառի գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության և կանանց հզորացմանն ուղղված կոմպոնենտները։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ծրագրի ձեռքբերումների մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը։ https://vimeo.com/781424216
Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-22թթ. ծրագրում Գերմանիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ռումինիայի կատարած ներդրման շնորհիվ: