«Ես ուշադիր հետևում եմ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի փակումից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ես անհանգստացած եմ, որ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումը, ինչպես նաև հիմնական ապրանքների և ծառայությունների, ներառյալ սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիության խափանումը սպառնում է Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդու իրավունքների իրացմանը։», - նշել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը: «Միջանցքի հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ ճանապարհի երկայնքով շարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ավելին, բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն լարվածության աճից։
Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անխոչընդոտ հասանելիության ապահովման կարևորությունը դեպի բոլոր տարածքներ և բոլոր մարդկանց համար, ներառյալ Լեռնային Ղարաբաղում բնակվողները: Ինչպես նշել եմ իմ 2021 թվականի հուշագրում, համապատասխան իշխանությունները պետք է մշակեն մուտքի արդյունավետ և ճկուն եղանակներ, որոնք հնարավորություն կտան բոլոր համապատասխան դերակատարներին, այդ թվում և իմ գրասենյակին, առաջնահերթության կարգով դիմել նրանց, ովքեր ունեն մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք: Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ ես կշարունակեմ ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակին։ Ես պատրաստ եմ ներգրավվել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ՝ աջակցելու առկա մարտահրավերների հաղթահարմանը»։