Եվրոպայի խորհուրդը Համաշխարհային բանկի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացրեց կլոր սեղան-քննարկում «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Այս միջոցառումը կազմակերպվել էր «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում:
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցեցին նախագծի մշակման շուրջ աշխատող փորձագետները, Եվրոպայի խորհրդի և Համաշխարհային բանկի փորձագետները, ինչպես նաև Արդարադատության նախարարության, Ֆինանսների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Դատական իշխանության, Կենտրոնական բանկի և այլ բանկերի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ մասնագետներ:
Եվրոպայի խորհրդի և Համաշխարհային բանկի փորձագետներն իրենց դիտարկումները ներկայացրեցին «Սնանկության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների և դրանց` Եվրոպայի խորհրդի և միջազգային չափորոշիչներին համապատասխանության վերաբերյալ:
Իր բացման խոսքում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան ընդգծեց Եվրոպայի խորհրդի պահանջներին համապատասխան սնանկության ոլորտի բարեփոխումների և ներդրումների շուկայի բարելավման կարևորությունը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ պարոն Արսեն Մկրտչյանը նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունը շնորհակալություն է հայտնում նախաձեռնության համար և ընդգծեց, որ օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները շատ կարևոր են Եվրոպայի խորհրդի և միջազգային չափորոշիչներին համապատախան Հայաստանում անվճարունակության ոլորտի բարեփոխումներն իրականացնելու համար: