«Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ ես վերահաստատում եմ Իսլանդիայի հաստատակամ հավատարմությունը գենդերային հավասարությանը ինչպես նաև կանանց և աղջիկների մարդու իրավունքների հարցում դժվարությամբ ձեռք բերված առաջընթացի պաշտպանությանը: Միասին մենք պետք է պայքարենք կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ` ամենուր և միշտ: Ցավոք, դա մարդու իրավունքների ամենատարածված խախտումն է ամբողջ աշխարհում որը նաև կատարվում է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներում: Թեև տասնամյակների ընթացքում` ակտիվ աշխատանքի շնորհիվ գենդերային բռնության դեմ պայքարում կարևոր ձեռքբերումներ են գրանցվել, այնուամենայնիվ, ի հայտ են եկել բռնության նոր ձևեր:
Նախարարների կոմիտեի նախագահության ընթացքում Իսլանդիան հատուկ ուշադրություն է դարձնելու թվային միջավայրում կատարվող բռնության դեմ գործողություններին: Իսլանդիայի նախագահության շրջանակներում ՝ այսօրվանից սկսած ակտիվորեն կներգրավվենք գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա քարոզարշավին, որի նպատակն է կանխարգելել և վերացնել կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը։ Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձևերի վերացման հարցում Նախարարների կոմիտեի համերաշխությունը ցույց տալու նպատակով, Ռեյկյավիկում Իսլանդիայի Արտաքին գործերի նախարարությունը և Իսլանդիայի դեսպանատներն ամբողջ աշխարհում գենդերային բռնության դեմ ակտիվության 16 օրվա ընթացքում կլուսավորվեն նարնջագույնով: Այն կազմակերպվում է նոյեմբերի 25-ին «ՄԻԱՎՈՐՈՒՄ` կանանց նկատմամբ բռնությանը վերջ դնելու նպատակով» քարոզարշավի «Նարնջագույն օրվա» կապակցությամբ: Նարնջագույնը խորհրդանշում է ավելի պայծառ ապագա՝ զերծ բռնությունից:
«Կոչ եմ անում բոլորին ներգրավվել ոչ միայն այս 16 օրվա ընթացքում, այլ նաև յուրաքանչյուր օր: Ես հանձնառու եմ կատարել իմ բաժին աշխատանքը: Իսլանդիայի նախագահության ընթացքում Նախարարների կոմիտեն կշեշտի նաև կանանց և աղջիկների նկատմամբ բռնության տարբեր ձևերի վերաբերյալ իրազեկության բարձրացման կարևորությունը: Ստրասբուրգում այլ պատվիրակությունների հետ միասին Իսլանդիայի մշտական ներկայացուցչությունը կկազմակերպի սոցիալական մեդիա արշավ՝ ընդգծելու կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ինչպես նաև դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) դրական ազդեցությունը տեղական մակարդակում: