2022 թվականի նոյեմբերին գործարկվել է և առցանց հասանելի է Վճռաբեկ դատարանի վեբկայքը, որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։ Եվրոպայի խորհուրդը սերտորեն համագործակցում է Հայաստանի դատական համակարգի հետ՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառմանը նպաստելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով այդ չափանիշների արմատավորումը հայկական իրավական մշակույթի, կրթական համակարգի և իրավագիտության մեջ։ Այս առումով Վճռաբեկ դատարանը՝ որպես գերագույն դատարան, առանցքային դերակատարում ունի Հայաստանի դատական համակարգում։ Ուստի, Վճռաբեկ դատարանին տրամադրվել է աջակցություն՝ դատավորների մասնագիտական հմտությունները և դատարանի ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու համար, այսպիսով նպաստելով մարդու իրավունքների եվրոպական չափանիշների համահունչ կիրառմանը, ինչպես նաև Հայաստանի դատական համակարգում իրավական որոշակիության խթանմանը։
Նոր մշակված վեբկայքը նպատակ ունի ապահովելու Վճռաբեկ դատարանի որոշումների հասանելիությունը, դատարանի գործունեության թափանցիկությունը, ինչպես նաև բարձրացնել հանրության վստահությունը դատարանի գործունեության հանդեպ։ Վճռաբեկ դատարանի 2008-ից 2022 թվականների ավելի քան 1800 նախադեպային որոշումների տվյալները համակարգվել և համապատասխան որոնման զտիչներով վերբեռնվել են կայքում և այսուհետ հասանելի կլինեն առցանց։ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հասանելիությունը կարևոր գործնական նշանակություն ունի դատական պրակտիկայի միատեսակ կիրառման տեսանկյունից։
Վեբկայքը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հետ համատեղ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: