Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) կոչ է արել կառավարություններին ընդունել ավելի խիստ կարգավորումներ՝ կոռուպցիան կանխելու և բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում բարեվարքության խթանման համար մասնավորապես՝ լոբբինգի և երրորդ կողմերի հետ շփումների առնչությամբ, ինչպես նաև ուժեղացնել GRECO-ի կողմից ներկայացված առաջարկություններն ամբողջությամբ և առանց հապաղելու իմպլեմենտացնելուն ուղղված ջանքերը։
2023 թվականի տարեկան զեկույցում GRECO-ն մտահոգություն է հայտնել խորհրդարանականների շրջանում (մնացյալ մասնագիտական խմբերի համեմատությամբ) կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ ներկայացված առաջարկությունների դանդաղ իմպլեմետացիայի առնչությամբ։ Այն նաև ընդգծում է, որ որոշ դատական համակարգեր պետք է շարունակաբար բարեփոխվեն՝ երաշխավորելու համար դատավորների և դատախազների անկախությունը, և ամրապնդելու համար նրանց նկատմամբ կիրառվող բարեվարքությանն առնչվող կարգավորումները:
Իշխանության կառավարման մարմիններում (բարձրագույն գործադիր մարմիններում) և իրավապահ մարմիններում կոռուպցիայի կանխարգելմանը և բարեվարքության խթանմանն առնչվող 5-րդ գնահատման փուլի շրջանակներում GRECO-ի կողմից արձանագրվել է, որ թափանցիկությունը, վերահսկողությունը և հաշվետվողականությունը մնում են վտանգի տակ:
GRECO-ի նախագահ Մարին Մրչելան արձանագրել է. «Չկա թափանցիկություն առանց հաշվետվողականության, քանի որ անպատժելիությունը միայն խորացնում է կոռուպցիայի ռիսկը և խաթարում հանրային վստահությունը։ Ավելի շատ կանոնակարգում և խստություն է անհրաժեշտ բարձրագույն գործադիր մարմիններում կոռուպցիոն ռիսկերը հասցեագրելու համար, մասնավորապես երրորդ կողմերի և լոբբիստների հետ շփումների առնչությամբ, ինչպես նաև բարեվարքության բաղադրատարրերի արդյունավետությունն ապահովելու համար: Բարձրագույն գործադիր գործառույթներ ունեցող անձիք պետք է օրինակ ծառայեն»։
GRECO-ն նշում է, որ պետությունները պետք է ապահովեն, որ բարեվարքության ինստիտուցիոնալ և օրենսդրական բաղադրատարրերն ամբողջությամբ և ուղղակիորեն կիրառվեն ոչ միայն բարձրաստիճան հանրային ծառայողների նկատմամբ, այլև նախարարների, նրանց քաղաքական խորհրդականների, քաղաքական պաշտոն զբաղեցնող այլ անձնաց և որոշ պետությունների ղեկավարների նկատմամբ։ Զգալի բարելավումներ են անհրաժեշտ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վարքագծի կանոնների ընդունումն ու կիրառումը, շահերի բախման և լոբբինգի կառավարումը, գույքի հայտարարագրերի մոնիթորինգըև դրանց թափանցիկության ապահովումը, անձեռնմխելիության սահմանափակումը, տեղեկատվության հասանելիությունը, «պտտվող դռների» համակարգը և այլն։
Իրավապահ մարմինների վերաբերյալ GRECO-ն ընդգծում է, որ պետությունները պետք է անեն ավելին՝ ապահովելու համար, որ կոռուպցիոն վարքագիծը և բարեվարքության խախտումները պատշաճ կերպով հասցեագրվեն ենթակայության բոլոր մակարդակներում և կանխեն կառավարության անհիմն միջամտությունը ոստիկանության գործունեությանը: Անհրաժեշտ է ոստիկանության համար ներդնել համապարփակ հակակոռուպցիոն և բարեվարքության քաղաքականություն, ինչպես նաև բարելավել շահերի բախման և անհամատեղելիության պահանջների կառավարումը, ազդարարների պաշտպանությունը, ինչպես նաև ծառայության անցնելու, առաջխաղացման և աշխատանքից ազատման գործընթացները:
GRECO-ն լավ առաջընթաց է արձանագրում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների ներդրումը, նրանց պաշտոնավարման ընթացքում ծագող ռիսկերի քարտեզագրումը և իրավապահ մարմինների բարձրագույն պաշտոններում կոռուպցիայի կանխմանն ուղղված հստակ ջանքերը:
Մինչև 2023 թվականի վերջ GRECO-ն հրապարակել է զեկույցներ 21 պետությունների վերաբերյալ, որոնք գնահատում են վերջիններիս համապատասխանությունը գնահատման 5-րդ փուլի շրջանակներում ներկայացվածառաջարկություններին: GRECO-ն իր 5-րդ գնահատման փուլի շրջանակներում գնահատել է 21 պետություն։ Համաձայն 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հրապարակված GRECO-ի գնահատման զեկույցների՝ պետությունները ամբողջությամբ կամ մասամբ կատարել են GRECO-ի առաջարկությունների 58%-ը իշխանության կառավարման մարմինների (բարձրագույն գործադիր մարմիններ) վերաբերյալ(2022-ի վերջի 45%-ի համեմատ): Ինչ վերաբերում է իրավապահ մարմիններին, ապա ամբողջությամբ կամ մասամբ իրականացված առաջարկությունների մասնաբաժինն աճել է՝ 2022-ի 63%-ից 2023-ին հասնելով 67%-ի:
2023 թվականի վերջին GRECO-ի առաջարկությունների 54%-ը պատգամավորների, դատավորների և դատախազների վերաբերյալ կատարվել է ամբողջությամբ, 31%-ը կատարվել է մասամբ, իսկ 15%-ը մնացել է չիրականացված։ Չիրականացված առաջարկությունների ամենաբարձր մասնաբաժինը վերաբերում է պատգամավորներին (20%)՝ ի տարբերությունծ դատավորների՝13.5% և դատախազների՝ 10%:
GRECO-ն մտահոգություն է հայտնել, որ որոշ երկրներում առաջընթացը դեռևս սահմանափակ է՝ պատգամավորների վարքագծի կանոնների կիրառման, գույքի հայտարարագրման համակարգերի թափանցիկության և լոբբինգի կարգավորման հարցում, ինչպես նաև անբավարար առաջընթաց է արձանագրվել գործադիր և օրեսնդիր իշխանություններից դատական համակարգի անկախության ապահովման հարցում: Այն դրականորեն նշում է մի քանի ոլորտներ, մասնավորապես՝ օրենսդրական գործընթացների ընդհանուր բարելավված թափանցիկությունը՝ հանրային նշանակալի մասնակցությամբ:
GRECO-ն նշում է իր 25-ամյակը 2024 թվականին: GRECO-ն ստեղծվել է 1999 թվականի մայիսի 1-ին Եվրոպայի խորհրդի Ընդլայնված Համաձայնագրի հիման վրա 17 պետությունների կողմից (Բելգիա, Բուլղարիա, Կիպրոս, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իսլանդիա, Իռլանդիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա և Շվեդիա): Այսօր այն ունի 48 անդամ՝ Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկրները, ԱՄՆ-ն և Ղազախստանը։ ԵՄ-ն կառույցին անդամակցել է 2019 թվականին՝ որպես դիտորդ։
GRECO-ն ներկայումս պատրաստում է իր 6-րդ գնահատման փուլը, որը կկենտրոնանա տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության խթանման վրա և կմեկնարկի 2025 թվականին:
* * *
Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO) Եվրոպայի խորհրդի մարմին է, որի նպատակն է բարելավել կոռուպցիայի դեմ պայքարելու իր անդամների կարողությունները՝ վերահսկելով նրանց համապատասխանությունը հակակոռուպցիոն չափանիշներին: Այն օգնում է պետություններին բացահայտել ազգային հակակոռուպցիոն քաղաքականության թերությունները` խթանելով անհրաժեշտ օրենսդրական, ինստիտուցիոնալ և գործնական բարեփոխումները: