Հայաստանում վերջերս ներդրված օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն ուղղված բեկումնային ջանքերի շնորհիվ փոքր գումարի բռնագանձման պահանջով վարույթները, որոնք կազմում էին դատական գործերի շուրջ 80%-ը, դատարաններից փոխանցվեցին նոտարներին։ Բարեփոխման մեկնարկից յոթ ամիս անց անհրաժեշտություն առաջացավ վեր հանել պրակտիկայում առաջացած խնդիրներն և ընդգծել բարեփոխման հաջողությունները։
Արդարադատության նախարարության կողմից Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կազմակերպված աշխատաժողովների նպատակը նոր համակարգի գործարկման յոթ ամիսների արդյունքների քննարկումն ու գնահատումն էր: Միջոցառմանը հրավիրվել էին շուրջ 135 նոտարներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև դատավորներ բոլոր դատական ատյաններից ՝ առաջին ատյանից մինչև վճռաբեկ:
Աշխատաժողովների շարքը նպատակ ուներ կամրջել տեսության և պրակտիկայի միջև առկա անջրպետը և լուծել այս ժամանակահատվածում ի հայտ եկած գործնական և օրենսդրական մարտահրավերները: Դատավորները նոտարներին փոխանցեցին իրենց փորձը, պատկերացումները և փոքր հայցերի քննման մեթոդները: Աշխատաժողովի ձևաչափը հատկապես արժևորվեց ԱՆ-ի և մասնակիցների կողմից, քանի որ փորձի ուղիղ փոխանցման հնարավորություն ստեղծվեց՝ նախկինում որոշումներ կայացողներից ներկայիս որոշում կայացողներին:
Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ազգային ղեկավար պարոն Արման Զրվանդյանն իր բացման խոսքում ընդգծեց այս բարեփոխման կարևորությունը, որի արդյունքում քաղաքացիական դատարաններն արդեն իսկ նվազեցրել են իրենց՝ դատական գործերով ծանրաբեռնվածությունը, և ընդգծեց Եվրոպայի խորհրդի հանձնառությունը՝ շարունակել աջակցել նման բարեփոխումներին Հայաստանում։
Ընդհանուր առմամբ իրականացվել է նոտարների ու դատավորների մասնակցությամբ երեք աշխատաժողով, որում ընդգրկվել են Հայաստանի բոլոր ատյանների դատավորները և ամբողջ նոտարական համայնքը։ Աշխատաժողովներին մասնակցեցին նաև Կենտրոնական բանկի, Հարկադիր կատարման ծառայության, Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ, ովքեր արժեքավոր կարծիքներ հայտնեցին այս վարույթների և իրենց իսնտիտուտների փոխկապակցվածության տեսանկյունից: Քննարկման ձևաչափը, թեև աննախադեպ էր, սակայն բացառիկ արդյունավետ, ինչի մասին վկայում են չափազանց դրական արձագանքները: Դատավորներն ուղղակիորեն կիսվեցին իրենց փորձով և պատկերացումներով՝ առաջարկելով գործնական լուծումներ՝ նոտարների կողմից վճարման կարգադրությունների կատարման ընթացքում առաջացած խնդրահարույց իրավիճակների վերաբերյալ։
Քննարկման արդյունքում ստեղծվեց արդյունավետ հարթակ նոտարների կողմից վճարման կարգադրությունների արձակման ինստիտուտի գործնական կիրառումն էականորեն բարելավելու համար։ Աշխատաժողովների ընթացքում ի թիվս այլնի քննարկվել են երաշխավորության, տուժանքների, ծանուցումների, ժամկետների և հաշվարկների վերաբերյալ խնդրահարույց հարցեր: Հատկապես բարձր գնահատելի էր այն, որ խնդիրների զգալի մասը հնարավոր եղավ լուծել տեղում՝ աշխատաժողովների ընթացքում, տարբեր ինստիտուտների ուղիղ փոխգործակցության արդյունքում, իսկ խնդիրների այլ խումբ հավաքագրվեց քննարկելու օրենսդրական փոփոխություններ կատարելու հնարավորությունը: Այս միջոցառումն ընդգծեց համագործակցության և գիտելիքների փոխանակման կարևորությունը ինստիտուտի կայացման գործընթացի կատարելագործման և դրա շարունակական հաջողության ապահովման գործում: Եվրոպայի խորհրդի կողմից աջակցությունն այս բարեփոխմանը Հայաստանի իշխանություններին տրամադրեց հնարավորություն՝ ավարտին հասցնել բարեփոխումների կարևոր ռազմավարական նպատակը՝ դատարանների բեռնաթափումը, և դրանով իսկ ուժեղացնել քաղաքացիների համար արդարադատության մատչելիությունը:
Այս նախաձեռնության հաջող իրականացումը ընդգծում է Եվրոպայի խորհրդի, Արդարադատության նախարարության և այլ շահագրգիռ կողմերի արդյունավետ համագործակցությունը: Քննարկումը երաշխավորում է, որ ոլորտային բարեփոխումների գործնական կիրառումը համահունչ է ԵԽ չափանիշներին, ինչը ամրապնդում է կազմակերպության ռազմավարական նպատակը՝ աջակցելու արդյունավետ և արդար իրավական համակարգերի կայացմանը:
Այս միջոցառումները Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մասն են, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում։