Back Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը ամրապնդում է առողջապահական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը

Կարողությունների զարգացման երկօրյա դասընթացն ամրապնդել է համալսարանական հիվանդանոցների առաջատար բուժաշխատողների գիտելիքներն ու հմտությունները բուժաշխատողների էթիկայի կանոնների և էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ
Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը ամրապնդում է առողջապահական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը

Էթիկայի հանձնաժողովները առանցքային դեր են խաղում պացիենտների իրավունքների պաշտպանության, առողջապահական ծառայությունների հավասար մատչելիության և այնպիսի միջավայրի ստեղծման գործում, որտեղ կարեկցանքն ու ազնվությունը կարևոր են առողջապահական համակարգերի նկատմամբ հանրային վստահության ձևավորման համար: Նրանք ծառայում են որպես առողջապահական համայնքի բարոյական կողմնացույց՝ ապահովելով որ պացիենտներին մատուցվող բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվի մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ առավելագույն հարգանքով:

Առողջապահության ոլորտում էթիկական չափանիշներն ամրապնդելու կարևորագույն նպատակն ունենալով՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական ​​բժշկական համալսարանի և Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ 2024 թվականի հուլիսի 4-5-ին կազմակերպել էր կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց՝ համալսարանական կլինիկաների առաջատար մասնագետների համար՝ բուժաշխատողների էթիկայի կանոնների և էթիկայի հանձնաժողովների գործունեության վերաբերյալ: Այս նախաձեռնությունը նպատակաուղղված էր բուժաշխատողներին զինելու նորագույն հմտություններով և գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են կլինիկական պրակտիկայում բարդ էթիկական երկընտրանքները քննարկելու ու հաղթահարելու համար:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը, Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը և ԵՊԲՀ «Հերացի» առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական ​​կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը։ Տիկին Լվոֆֆը շեշտեց այս համագործակցության կարևորությունը՝ նշելով. «Մի դարաշրջանում, որտեղ բժշկական առաջընթացն ու էթիկական երկընտրանքները հաճախ հատվում են, կայուն գործող էթիկական ուղեցույցների դերը չի կարելի գերագնահատել»:

Որպես Հայաստանում առողջապահության ոլորտում էթիկական ստանդարտների խթանմանն ուղղված գործունեության մաս՝  այս համագործակցությունը նպաստեց բժշկական պրակտիկայի և էթիկական սկզբունքների ներդաշնակ գոյակցության խորացմանը։

Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը (էթիկայի հանձնաժողով) անկախ մարմին է, որը քննում է բուժաշխատողների կողմից մասնագիտական էթիկայի կանոնների հնարավոր խախտման դեպքերը և բաղկացած է հասարակական հիմունքներով աշխատող 7 անդամից։ Էթիկայի հանձնաժողովի անդամների թվում են բուժաշխատողներ, իրավաբաններ, գիտական աշխատողներ և հոգեբաններ։ Էթիկայի հանձնաժողովի քննությանը ենթակա են բուժաշխատողների էթիկայի կանոնների խախտումները՝ բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող, բուժաշխատող-երրորդ անձ հարաբերություններում և հանրային առողջապահության ոլորտում։ Գործունեության մեկ տարվա ընթացքում էթիկայի հանձնաժողովը քննել է էթիկայի կանոնների հնարավոր խախտման 6 դեպք։

Կարողությունների զարգացման դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում։

 

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 4-5 ՀՈՒԼԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ծրագրի մասին

Սկիզբ՝ 2023 թ․ հունվարի 1

Տևողություն՝ 24 ամիս

Բյուջե՝ 900,000 եվրո

Դոնոր՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագիր

Հիմնական գործընկերներ՝ ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևանի պետական բժշկական համալսարան։

Պատասխանատու անձ՝ Մերի Կատվալյան, ծրագրի ավագ պատասխանատու

Ծրագիրը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջին և չափազանց հաջող համագործակցության ծրագրի, որն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում, տրամաբանական շարունակությունն է։ Հաշվի առնելով Covid-19 համաճարակի՝ առողջապահության համակարգերի վրա թողած ազդեցությունը անհատների և ողջ հասարակության մակարդակով, Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունն այս ոլորտում էլ ավելի արդիական է դարձել։ Ծանր դեպքերով հիվանդացության մեծ ծավալը առաջ բերեց էթիկական և մարդու իրավունքներին առնչվող հիմնական մարտահրավերները, որոնք պետք է հաշվի առնվեն մասնագետների ու իրավասու մարմինների կողմից համավարակի դեմ պայքարելու և իրենց պացիենտների առողջության մասին հոգալու համար:

Ելնելով նախորդ Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքներից և քաղված դասերից՝ այս Ծրագիրը նպատակ ունի նպաստելու կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական և էթիկական չափանիշների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը (օրինակ՝ տեղեկացված համաձայնություն ցանկացած բժշկական միջամտության դեպքում, բժշկական գաղտնիքի կարևորությունը, օրգանների կամավոր, առանց փոխհատուցման նվիրատվությունը, գենետիկ ժառանգության պահպանում) և աջակցելու ազգային իշխանություններին կենսաբժշկության և առողջապահության ոլորտում ազգային օրենսդրությունն ու պրակտիկան կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու իրենց ջանքերին: Այն նաև կնպաստի Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը։ Եվրոպայի խորհրդի՝ կենսաբանության և բժշկության կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) իրավաբանորեն պարտադիր միջազգային միակ փաստաթուղթն է, որը սահմանում է ինչպես պրակտիկ բժշկության, այնպես էլ կենսաբժշկական ոլորտում նոր տեխնոլոգիաների համար կիրառելի իրավական շրջանակը:

Ծրագրի առանցքային ուղղություններն են՝

  • Աջակցել ազգային մակարդակում որոշում կայացնողների ջանքերին՝ կենսաբժշկության ոլորտում գործող օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ մարդու իրավունքների եվոպական չափանիշներին մոտեցնելու համար։
  • Առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի հանձնաժողովի շարունակական կայացում, ինչպես նաև առողջապահության ոլորտի մասնագետների կարողությունների հզորացում՝ ընդունված էթիկական կանոնների վերաբերյալ՝ ի շահ պացիենտների լավագույն շահերի և պաշտպանության։
  • Առողջապահության և իրավունքի ոլորտի մասնագետների գիտելիքների և կարողությունների ամրապնդում՝ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշները կիրառելու համար (օրինակ՝ բժշկական միջամտության վերաբերյալ տեղեկացված համաձայնություն, անձնական կյանքի պաշտպանություն և տեղեկատվության իրավունք, խտրականության բացակայություն, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում, հոգեկան առողջության ծառայությունների մատուցում, վերարտադրողական առողջության իրավունքներ և այլն):
  • Աջակցություն կենսաբժշկության և առողջապահության ոլորտում մարդու իրավունքների հարցերի շուրջ հասարակական երկխոսության զարգացմանը։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ։ Ինչպես նշված է Գործողությունների ծրագրում, Հայաստանի իշխանությունները Եվրոպայի խորհրդի հետ միասին կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը ճանաչել են իրենց առաջնահերթություններից մեկը։

Ծրագիրը կնպաստի Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի հետևյալ հատուկ արդյունքների ձեռքբերմանը:

      • Գործող օրենսդրական նորմերն ու իրավակիրառ գործընթացները համապատասխանեցված են Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին:
      • Բարձրացել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:
      • Բարելավվել է առողջապահական թեմաներով հանրային  երկխոսության մակարդակը
      • Հայաստանը ավելի պատրաստված է Օվիեդոյի կոնվենցայի հնարավոր հետագա վավերացմանը:

 

Որպես Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթի բաղկացուցիչ մաս` ծրագիրը ներառել է նոր բաղադրիչ՝ աջակցելու ՀՀ կառավարության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղից մոտ 2000 բուժաշխատողների՝ Հայաստանի առողջապահական համակարգում լիարժեք ինտեգրման համար՝ կարողությունների զարգացման դասընթացների միջոցով՝ նպաստելով վերջիններիս շարունակական մասնագիտական զարգացմանն ու հավաստագրմանը։ Ծրագրի նոր բաղադրիչը ներառում է նաև հոգեբանական աջակցության տրամադրում՝ թիրախում ունենալով բուժաշխատողներին և բնակչության լայն խմբերի հետ աշխատող այլ մասնագետներին, ներառյալ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և այլն։   Նախատեսելով լայնածավալ հանրային իրազեկման արշավ՝ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել փախստականների հետ կապված զգայուն թեմաների վերաբերյալ իրազեկվածությունը Հայաստանի բնակչության շրջանում:

 

Օվիեդոյի կոնվենցիայի մասին տեսահոլովակ

 

Նյութեր