Back Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը՝ ՀՀ ԱՆ խորհրդատուների ուշադրության կենտրոնում

ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու առավելությունները ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպման առանցքում էին
Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը՝  ՀՀ ԱՆ խորհրդատուների ուշադրության կենտրոնում

2024 թվականի մայիսի 16-ին Հայաստանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիան, առավել հայտնի որպես Օվիեդոյի կոնվենցիա։ Կոնվենցիայի վավերացմանն ընդառաջ՝ մասնագիտական տարբեր ​​խմբերի հետ քննարկումները առանցքային են՝ ապահովելու կոնվենցիայով ամրագրված սկզբունքների վերաբերյալ համընդհանուր պատկերացում կազմելու համար:

ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատուների հետ Օվիեդոյի կոնվենցիայի և դրա լրացուցիչ Արձանագրությունների հիմնական սկզբունքներն ու ստանդարտները քննարկելու, ինչպես նաև Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեությանը ծանոթանալու համար Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը, ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ, հուլիսի 13-14-ին կազմակերպել էր ՀՀ ԱՆ խոհրդատուների տարեկան հանդիպումը։

Հանդիպման նպատակն էր առողջապահության նախարարությանը ոլորտի քաղաքականության մշակման գործում առանցքային աջակցություն ցուցաբերող առաջատար մասնագետների հետ քննարկել ՀՀ-ի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման արդյունքում երաշխավորվող իրավունքները, և Էթիկայի հանձնաժողովի մեկամյա գործունեության հիմնական արդյունքները, ինչպես նաև առողջապահության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականության այլ առաջնահերթությունները։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար տիկին Լորանս Լվոֆֆը և ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ տիկին Լենա Նանուշյանը։ Տիկին Լվոֆֆը իր ելույթում մասնավորապես շեշտեց ՀՀ առողջապահության նախարարության առանձնահատուկ աջակցությունն ու ունեցած կարևոր նախաձեռնողական դերը Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրման և վավերացման գործընթացում:

Քննարկման հիմնական մասում ներկայացվեց կոնվենցիայով ամրագրված իրավունքները, որին հաջորդեց Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ քննարկումը՝ ընդգծելով բժիշկների հետ սերտ համագործակցության էական անհրաժեշտությունը: Քննարկումը այնուհետև շարունակվեց առողջապահության ոլորտում կառավարության այլ առաջնահերթություններին անդրադարձով, ինչպիսիք են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը և բուժաշխատողի մասնագիտական բնութագիրը։ Խորհրդատուները հնարավորություն ունեցան նախարարի և նախարարի՝ տարբեր ոլորտները համակարգող տեղակալների հետ քննարկելու այս հարցերը, արտահայտելու իրենց մտահոգություններն ու ներկայացնելու առաջարկներ։

Քննարկումը կարևոր հարթակ ծառայեց Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման գործընթացն առաջ մղելու համար, ինչպես նաև նպաստեց մասնագետների և քաղաքականություն մշակողների միջև բովանդակային ​​քննարկմանը և երկխոսության խթանմանը:

Առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում։

YEREVAN, ARMENIA 13-14 JULY 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ծրագրի մասին

Սկիզբ՝ 2023 թ․ հունվարի 1

Տևողություն՝ 24 ամիս

Բյուջե՝ 900,000 եվրո

Դոնոր՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագիր

Հիմնական գործընկերներ՝ ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևանի պետական բժշկական համալսարան։

Պատասխանատու անձ՝ Մերի Կատվալյան, Ծրագրի ղեկավար

Ծրագիրը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջին և չափազանց հաջող համագործակցության ծրագրի, որն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում, տրամաբանական շարունակությունն է։ Հաշվի առնելով Covid-19 համաճարակի՝ առողջապահության համակարգերի վրա թողած ազդեցությունը անհատների և ողջ հասարակության մակարդակով, Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունն այս ոլորտում էլ ավելի արդիական է դարձել։ Ծանր դեպքերով հիվանդացության մեծ ծավալը առաջ բերեց էթիկական և մարդու իրավունքներին առնչվող հիմնական մարտահրավերները, որոնք պետք է հաշվի առնվեն մասնագետների ու իրավասու մարմինների կողմից համավարակի դեմ պայքարելու և իրենց պացիենտների առողջության մասին հոգալու համար:

Ելնելով նախորդ Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքներից և քաղված դասերից՝ այս Ծրագիրը նպատակ ունի նպաստելու կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական և էթիկական չափանիշների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը (օրինակ՝ տեղեկացված համաձայնություն ցանկացած բժշկական միջամտության դեպքում, բժշկական գաղտնիքի կարևորությունը, օրգանների կամավոր, առանց փոխհատուցման նվիրատվությունը, գենետիկ ժառանգության պահպանում) և աջակցելու ազգային իշխանություններին կենսաբժշկության և առողջապահության ոլորտում ազգային օրենսդրությունն ու պրակտիկան կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու իրենց ջանքերին: Այն նաև կնպաստի Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը։ Եվրոպայի խորհրդի՝ կենսաբանության և բժշկության կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) իրավաբանորեն պարտադիր միջազգային միակ փաստաթուղթն է, որը սահմանում է ինչպես պրակտիկ բժշկության, այնպես էլ կենսաբժշկական ոլորտում նոր տեխնոլոգիաների համար կիրառելի իրավական շրջանակը:

Ծրագրի առանցքային ուղղություններն են՝

  • Աջակցել ազգային մակարդակում որոշում կայացնողների ջանքերին՝ կենսաբժշկության ոլորտում գործող օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ մարդու իրավունքների եվոպական չափանիշներին մոտեցնելու համար։
  • Առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի հանձնաժողովի շարունակական կայացում, ինչպես նաև առողջապահության ոլորտի մասնագետների կարողությունների հզորացում՝ ընդունված էթիկական կանոնների վերաբերյալ՝ ի շահ պացիենտների լավագույն շահերի և պաշտպանության։
  • Առողջապահության և իրավունքի ոլորտի մասնագետների գիտելիքների և կարողությունների ամրապնդում՝ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշները կիրառելու համար (օրինակ՝ բժշկական միջամտության վերաբերյալ տեղեկացված համաձայնություն, անձնական կյանքի պաշտպանություն և տեղեկատվության իրավունք, խտրականության բացակայություն, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում, հոգեկան առողջության ծառայությունների մատուցում, վերարտադրողական առողջության իրավունքներ և այլն):
  • Աջակցություն կենսաբժշկության և առողջապահության ոլորտում մարդու իրավունքների հարցերի շուրջ հասարակական երկխոսության զարգացմանը։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ։ Ինչպես նշված է Գործողությունների ծրագրում, Հայաստանի իշխանությունները Եվրոպայի խորհրդի հետ միասին կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը ճանաչել են իրենց առաջնահերթություններից մեկը։

Ծրագիրը կնպաստի Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի հետևյալ հատուկ արդյունքների ձեռքբերմանը:

      • Գործող օրենսդրական նորմերն ու իրավակիրառ գործընթացները համապատասխանեցված են Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին:
      • Բարձրացել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:
      • Բարելավվել է առողջապահական թեմաներով հանրային  երկխոսության մակարդակը
      • Հայաստանը ավելի պատրաստված է Օվիեդոյի կոնվենցայի հնարավոր հետագա վավերացմանը:

 

Որպես Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթի բաղկացուցիչ մաս` ծրագիրը ներառել է նոր բաղադրիչ՝ աջակցելու ՀՀ կառավարության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղից մոտ 2000 բուժաշխատողների՝ Հայաստանի առողջապահական համակարգում լիարժեք ինտեգրման համար՝ կարողությունների զարգացման դասընթացների միջոցով՝ նպաստելով վերջիններիս շարունակական մասնագիտական զարգացմանն ու հավաստագրմանը։ Ծրագրի նոր բաղադրիչը ներառում է նաև հոգեբանական աջակցության տրամադրում՝ թիրախում ունենալով բուժաշխատողներին և բնակչության լայն խմբերի հետ աշխատող այլ մասնագետներին, ներառյալ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և այլն։   Նախատեսելով լայնածավալ հանրային իրազեկման արշավ՝ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել փախստականների հետ կապված զգայուն թեմաների վերաբերյալ իրազեկվածությունը Հայաստանի բնակչության շրջանում:

 

Օվիեդոյի կոնվենցիայի մասին տեսահոլովակ

 

Նյութեր