«Սևան» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) 2025-ի հունվարի 21-ին փայտամշակման արտադրամաս բացվեց, այնտեղ շուտով զբաղվածություն կունենա 30–40 դատապարտյալ։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանն ասում է, որ 1990–ական թվականներից հետո քրեակատարողական հիմնարկներն արտադրամասեր չեն ունեցել։ Սա առաջինն է, որն իրականացրեցին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տրամադրած՝ «Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման ծրագրի իրականացում, իրավունքների պաշտպանության ամրապնդում» դրամաշնորհի միջոցներով։
Ծրագրի նպատակներից մեկը ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և պրոբացիայի ծառայության շահառուներին վերասոցիալականացման ծրագրերում ներգրավելն է։
2022թ․-ի հունիսից ուժի մեջ մտած Քրեակատարողական նոր օրենսգրքի հիմքում անձի վերասոցիալականացման գաղափարախոսությունն է։ Օրենքը պատժի կատարումն ապահովող մարմնին պարտավորեցնում է լսարանային և կրթական տարածքներ, մարզասրահներ, գրադարաններ, աշխատանքային զբաղվածության գոտիներ և այլ հնարավորություններ ստեղծել դատապարտյալի զբաղվածությունն ապահովելու և վերասոցիալականացման աշխատանքի կազմակերպման համար։
Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը շուրջ երկու տարի կահույքագործության և կավագործության դասընթացներ է իրականացնում «Սևան» ՔԿՀ-ում։ Այս տարի ԵԽ-ի դրամաշնորհով իրականացված դասընթացներին ներգրավել են սկսնակների, նաև՝ նախորդ տարում կահույքագործության դասընթացներին մասնակցած ու հավաստագիր ստացած դատապարտյալներին՝ իրենց գործում ավելի հմտացնելու նպատակով։ 2022-2024թթ․-ին, ընդհանուր առմամբ, դասընթացներին մասնակցել է 60 դատապարտյալ։
Այս տարի ԵԽ-ի նույն դրամաշնորհի ֆինանսավորմամբ «Սևան» ՔԿՀ-ում վերանորոգվել է մոտ 190 քմ տարածք, փայտամշակման արտադրամասի համար ձեռք են բերվել նոր հաստոցներ, գործիքներ ու սարքավորումներ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են հոկտեմբերի 5-ին։
«Այժմ ունենք բավականին մեծ արտադրամաս, որտեղ հերթափոխով շուրջ 30–40 անձ կարող է ընդգրկվել։ Առաջինը՝ նրանք աշխատանք կունենան, անազատության մեջ գտնվելով՝ աշխատավարձ կստանան, դրանով կհոգան իրենց և ընտանիքների կարքիները»,- ասում է ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը։
Փայտամշակման արտադրամասը «Սեւան» ՔԿՀ-ում են հիմնել, քանի որ այնտեղ միջին անվտանգության գոտու մեղմ պայմաններում գտնվող դատապարտյալներն են պահվում։
Նրանք կացարանային բավականին բաց, ազատ ռեժիմում են գտնվում։ Բացի այդ, ինչպես նշեց պրն Գրիգորյանը, ՊՈԱԿ-ը կահույքագործության դասընթացները «Սեւան» ՔԿՀ-ում էր իրականացրել, եւ մեծ թվով դատապարտյալներ արդեն հմտացել էին կահույքագործության մեջ, տիրապետում էին հաստոցների հետ աշխատանքին։
ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը վստահեցնում է, որ դատապարտյալները կամավորության սկզբունքով են ընդգրկվում դասընթացներին։ «Սկզբնական շրջանում մենք էինք նրանց համոզում, որ ներգրավվեն, հիմա պատկերը լիովին փոխվել է, շատ է ակտիվացել դատապարտյալների մասնակցությունը։ Կահույքագործության դասընթացների ժամանակ դատապարտյալների հայտերն այնքան շատ էին, որ չէինք կարողանում բոլորին ընդգրկել, ստիպված ընտրություն կատարեցինք»,– ասում է ծառայության պետը։
Կահույքագործության մեջ ներգրավված դատապարտյալների մեծ մասը միջին տարիքի են։ Ծովինար Թադևոսյանի ասելով՝ աշխատանքի ընդունելու համար տարիքային սահմանափակում չկա և ոչ էլ կատարած հանցանքն է այս հարցում որոշիչ։ «Քանի որ սա վերասոցիալականացման գործընթաց է, ՔԿՀ-ի վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը չի սահմանափակում տույժ կամ վարքագծային շեղումներ ունեցող դատապարտյալների ներգրավումը կրթական պրոցեսներին։ Հակառակը, հենց այդ վարքագծային խնդիրները լուծելու համար պետք է անձին ընդգրկել կրթական ծրագրերում»,- նշեց Ծովինար Թադևոսյանը։
Նրա խոսքով, հանձնաժողովի համար ցուցիչ է՝ դատապարտյալը ցանկություն ունի՞ վերասոցիալականացման, թե ոչ։ Հետևաբար, ցմահ դատապարտյալները նույնպես ներգրավված են դասընթացներին եւ լուրջ հաջողություններ ունեն։ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը հավելում է, որ «Սեւան» ՔԿՀ–ում 11 ցմահ ազատազրկված կա, որոնք, վերասոցիալականացման գործընթացներին մասնակցելով, աստիճանաբար հասել են դրան։
Վերջինս նշում է, որ առանձնապես ծանր հանցանք գործած և ցմահ դատապարտվածները նույնպես հնարավորություն ունեն օրենսդրությամբ բարձր անվտանգային գոտուց որոշակի ժամկետում եւ որոշակի դրական վարքագծի դեպքում աստիճանաբար իջնել միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ։ Նա համոզված է, որ կրթական ծրագրերի զարգացումը և ներդրումը էականորեն կնպաստի հանցավորության նվազեցմանը, իրավախախտում կատարած անձանց հասարակությանը վերաինտեգրելուն և ընդհանուր անվտանգության բարելավմանը:
Դասընթացների ընտրության հարցում Քրեակատարողական ծառայությունը համագործակցում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։ Միասին ուսումնասիրել են շուկան եւ պարզել, որ կահույքագործության ոլորտում արհեստավորների պահանջարկը շատ մեծ է։
«Մեր գլխավոր նպատակն է՝ այնպիսի մասնագիտություն սովորեցնել, որ կալանավայրից դուրս գալուց հետո կարողանան իրենց ֆինանսական վիճակը կայունացնել ու դրանով օգտակար լինել և՛ ընտանիքին, և՛ հասարակությանը։ Եթե անձը մի քանի տարվա աշխատանքի փորձառություն ունենա, այստեղից դուրս գալուց հետո պահանջված մասնագետ է լինելու»,- հայտնեց ՔԿԾ պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը։
Պրն Գրիգորյանը կահույքագործության արտադրամասի գործարկումը կարևորում է նաեւ նրանով, որ հնարավորություն կլինի լուծելու քրեակատարողական հիմնարկների պահանջները։ Նրա ասելով՝ ՔԿՀ-ների ամենամեծ պահանջը կահույքն է՝ սեղանների, պահարանիկների, կախիչների և այլնի անհրաժեշտություն կա։ Մեծ քանակի հնացած գույք ունեն, որը հիմա օգտագործվում է, բայց անհրաժեշտ է վերանորոգել։ Եթե քրեակատարողական հիմնարկի որոշ խցերում գույքը պետք է փոխել, «Սեւան» ՔԿՀ-ի փայտամշակման արտադրամասը կպատրաստի։ «Գնումների գործընթացով պետության համար բավականին թանկ է գույք ձեռք բերելը, այսուհետ մեր հնարավորություններով կկարողանանք այդ հարցը լուծել»,- ասում է ՔԿԾ պետի տեղակալը։
Ներկայումս Հայաստանում կա 2711 ազատազրկված անձ, որից 1274-ը դատապարտյալներ են։ Սահակ Գրիգորյանի ասելով՝ նրանց 60%-ը աշխատելու ցանկություն ունի, եթե կարողանան զբաղվածության հարցը լուծել։ «Կարեւորն այդ ինստիտուտը զարգացնելն է։ Մարդը ստացավ այդ հմտությունը՝ մենք պետք է նրա պոտենցիալն օգտագործենք, որպեսզի չմոռանա»,– հայտնեց Ս․ Գրիգորյանը։
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը հայտնեց, որ դատապարտյալների աշխատանքային զբաղվածության հարցի լուծումը ներառել են ՊՈԱԿ-ի առաջիկա աշխատանքային ծրագրերում։ Նախատեսում են մոտ ապագայում ընդլայնել ոչ ֆորմալ կրթության միջոցով իրականացվող վերասոցիալականացման ծրագրերը։ Կահույքագործությանը կավելացնեն կաշեգործության, կարի հիմունքների, եռակցման և այլ արհեստների ուսուցումը։
«Շահառուների մասնագիտական կարողությունն այն մակարդակի պետք է հասցնել, որ հետագայում մեր հիմնած արտադրամասերում կարողանան մրցունակ արտադրանք տալ և դրա համար վարձատրվեն»,- ասաց Հայկ Սանոյանը։
ՔԿԾ-ի հետ միասին որոշել են արտադրամասեր հիմնել նաև «Արթիկ» և՛ «Վանաձոր» ՔԿՀ-ներում, քանի որ այնտեղ պահվող դատապարտյալներին շատ է ոգեւորել «Սեւան» ՔԿՀ-ի փայտամշակման արտադրամասի գործունեությունը։ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը» հարդարման աշխատանքների ուսուցում է իրականացրել «Արթիկ» ՔԿՀ-ում, և մասնակցությունը բավականին մեծ է եղել։ Դատապարտյալների՝ մասնագիտություն սովորելու մեծ ցանկությունը ՔԿԾ-ում բացատրում են նրանով, որ Հայաստանում այսօր բավականին ակտիվ է շինարարությունը, հետևաբար շինարարները մեծ պահանջարկ ունեն։ «Մեր նպատակն այդ մարդկանց հմտություններ տալն է։ Այս բոլոր արհեստներն ազատության մեջ գտնվողի համար բավականին թանկ մասնագիտություններ են։ Համոզված ենք, որ զբաղվածություն ունենալով՝ նրանք կալանավայր չեն վերադառնա»,- ասաց ՔԿԾ պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը։
Այսպիսով, պետական բոլոր կառույցների պատասխանատուները համոզված են, որ դատապարտյալների վերասոցիալականացման հիմնական երաշխիքն այն արհեստներն են, որոնք այսօր սովորեցնում են կալանավայրում։ ԵԽ-ի ֆինանսավորումով «Սևան» ՔԿՀ-ում հիմնված փայտամշակման արտադրամասում վարպետացածները դուրս գալուց հետո կայուն եկամուտ կարող են ունենալ։ Դա երաշխիք է, որ նրանք այլևս կալանավայր չեն վերադառնա։
Հեղինակ՝ Սառա Պետրոսյան, ՀԵՏՔ