Հայաստանյան ծրագրեր
Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և Հայաստանում թափանցիկ և մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում
Սկիզբ՝ 15 հուլիսի 2019
Տևողություն՝ 36 ամիս
Բյուջե՝ 900 000 եվրո
Դոնոր՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն
Գործընկերներ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Հայաստանի համայնքների միություն
Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում տեղական ժողովրդավարության որակը և նպաստել տեղական իշխանությունների նկատմամբ քաղաքացիների վստահության և հավատի ամրապնդմանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներառականության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացման միջոցով: Սահմանված նպատակներին հասնելու համար Ծրագիրն աշխատում է երկու հիմնական ուղղությամբ․
- ազգային մակարդակում ծրագիրն աջակցում է Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ զարգացմանը՝ նպաստելով իր անդամ համայնքների շահերը ներկայացնելու Միության մանդատի իրացմանը, ինչպես նաև աջակցելով կենտրոնական և տեղական իշխանությունների միջև կանոնավոր խորհրդակցական մեխանիզմ ստեղծելու գործընթացին,
- տեղական մակարդակում ծրագիրն աշխատում է մեծացնել ՏԻՄ-երի իրազեկվածությունը տեղական մակարդակում քաղաքական բարեվարքության, էթիկայի, թափանցիկ և բաց կառավարման Եվրոպայի խորհրդի սահմանած չափանիշների վերաբերյալ՝ աջակցելով տեղական իշխանություններին բարեվարքության տեղական կանոնակարգեր և հակակոռուպցիոն ռազմավարություններ մշակելու, ընդունելու և իրագործելու հարցում:
Ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝
1․ Հայաստանի համայնքների միության կողմից ներկայացված տեղական իշխանությունների կարողությունները հզորացված են, մասնավորապես
- Կառավարությունը պատշաճ կերպով խորհրդակցում է տեղական իշխանությունների հետ վերջիններիս ուղղակիորեն վերաբերող հարցերի վերաբերյալ,
- Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողություններն ամրապնդված են և այն գործում է որպես հուսալի և կայուն կառույց։
2․ Տեղական իշխանությունները խրախուսում են քաղաքացիների մասնակցությունը տեղական որոշումների կայացման գործընթացում և առաջնորդվում են տեղական ժողովրդավարության, թափանցիկ և բաց կառավարման, քաղաքական բարեվարքության և էթիկայի եվրոպական ստանդարտներով, մասնավորապես՝
- տեղական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի առաջարկությունները կիրառվում են ՏԻՄ-երի կողմից,
- քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու տեղական մակարդակում ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացներին։