Սկիզբ՝ 2023թ․, հունվարի 1

Տևողություն՝  24 ամիս

Բյուջե՝ 550,000 եվրո

Դոնոր՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագիր

Հիմնական գործընկերներ՝ ՀՀ արդարադատության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն, Քրեակատարողական բժշկության կենտրոն, ՀՀ առողջապահության նախարարություն

Պատասխանատու անձ՝  Դիանա Ղազարյան, Ծրագրի ավագ պատասխանատու

Հիմնվելով Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի արդյունքների վրա (այսուհետ՝ 2019-2022 թթ. ծրագիր) «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագիրը աջակցում է  Հայաստանի իշխանություններին առավել ամրապնդել քրեակատարողական բարեփոխումները և բանտային առողջապահությունը, ինչպես նաև՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը: Եվրոպայի խորհուրդը աջակցություն է ցուցաբերում քաղաքականության մշակման և գործառնական մակարդակներում՝ աջակցելով իշխանություններին՝ քրեակատարողական համակարգի բարեփոխումների իրականացման և քրեակատարողական համակարգում գործելակերպային փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, հատկապես՝ 2022 թվականին Քրեական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի և Քրեակատարողական օրենսգրքի ընդունումից հետո:

Ծրագիրը կենտրոնանում է հետևյալ առաջնահերթ ոլորտների վրա.

  • «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների հետագա բարձրացում՝ քրեակատարողական համակարգում որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու նպատակով
  • բժշկական և ոչ բժշկական անձնակազմի գիտելիքների և հմտությունների հետագա ամրապնդում առողջապահության վերաբերյալ տարբեր թեմաներով
  • քրեակատարողական հիմնարկներում կանխարգելիչ առողջապահական ծրագրերի մշակում և փորձարկում
  • քրեակատարողական համակարգի անձնակազմի կարողությունների հզորացում՝ ազատությունից զրկված անձանց համար գործիքների և վերականգնողական ծրագրերի կիրառման նպատակով
  • մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրական դաշտի ներդաշնակեցում Քրեակատարողական նոր օրենսգրքի հետ։

Ծրագիրը իրականացվում է Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության, «Քրեակատարողական բժշկության կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ և ներառում է տեղական այլ շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայն շրջանակ:

Ծրագրի հիմքում ընկած  հիմնական կոնվենցիաներն են Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ), ինչպես նաև` Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) եզրակացություններն ու առաջարկությունները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները: