Back Եվրոպայի խորհուրդը շարունակում է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել Հայաստանի քննիչների համար

Եվրոպայի խորհուրդը շարունակում է  վերապատրաստման դասընթացներ կազմակերպել Հայաստանի քննիչների համար

ՄԻԵԴ-ի 3-րդ հոդվածով ամրագրված է ժողովրդավարական հասարակությունների ամենահիմնարար արժեքներից մեկը։ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքն այնպիսի արժեք է, որը սերտորեն կապված է մարդկային արժանապատվության հետ: Նշված արգելքը բացարձակ է և դրանից ոչ մի շեղում թույլատրելի չէ: Վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու Ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննության խնդիրն առկա է Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներում։

Եվրոպայի խորհուրդը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ ուղղված Հայաստանի քննիչների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև իրավական դաշտի և պրակտիկայի բարելավմանը: Մասնավորապես ապրիլի 23-ին և 30-ին Եվրոպայի խորհուրդը Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ կազմակերպել էր վերապատրաստման դաընթացներ 42 քննիչների մասնակցությամբ՝ նվիրված վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննությանը՝  ներպետական օրենսդրության և պրակտիկայի, ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո: Դասընթացի նպատակն էր քննարկել Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործերի խմբում վերհանված խնդիրները՝ կապված ոստիկանությունում վատ վերաբերմունքի կամ խոշտանգումների դեպքերի և այս առումով թերի քննության դեպքերի հետ (ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածի էական և ընթացակարգային խախտումներ): Դասընթացները կնպաստեն քննիչների կարողությունների ամրապնդմանը՝ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննություն իրականացնելու համար, ինչպես նաև Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործերի խմբի արդյունավետ ընդհանուր միջոցների կատարմանը։

 

Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որը իրականցվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 23 and 30 ԱՊՐԻԼԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Սկիզբը՝ 2023 թ․ հունվար

Տևողությունը՝ 24 ամիս

Բյուջեն` 500,000 եվրո

Դոնորը`Ծրագիրն իրականցվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից

Գործընկերները` Արդարադատության նախարարություն, Վճռաբեկ դատարան, Բարձրագույն դատական խորհուրդ, Գլխավոր դատախազություն, Ներքին գործերի նախարարություն

Կոնտակտային անձ՝ Գայանե Հովհաննիսյան, ծրագրի ավագ պատասխանատու

Ծրագիրը Եվրոպայի խորհրդի շարունակական ջանքերի մասն է՝ ուղղված աջակցելու Հայաստանին մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով դատական վարույթների չափազանց երկարատևության, ներպետական դատարանների վճիռները չկատարելու կամ ուշ կատարելու խնդիրներին, մինչդատական փուլում արդյունավետ դատական վերահսկողությանը, հավաքների ազատության իրավունքին, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննությանը։

Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագիրը հստակ ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) արդյունավետ կիրառման կարևորությունը, ինչպես նաև ներպետական մակարդակում ՄԻԵԿ կառուցակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը: Ազգային գործընկերների հետ հաստատված կառուցողական համագործակցությունը հիմք ընդունելով՝ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել նրանց կարողությունների զարգացմանը՝ փորձագիտական կարծիքների, աշխատաժողովների, սեմինարների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) առանցքային նախադեպային իրավունքին նվիրված վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև համապատասխան ուսումնական այցերի միջոցով։ Արդյունքում վերը նշված կառույցները կկարողանան արդյունավետ դերակատարում ունենալ Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում, և ներպետական մակարդակում ՄԻԵԴ նախադեպային իրավունքը կկիրառվի միատեսակ կերպով:

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է հասնել հետևյալ արդյունքների.

  • Մինչդատական փուլում արդյունավետ դատական վերահսկողությանը, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքին առնչվող գործերի արդյունավետ քննությանը վերաբերող ներպետական օրենսդրությունը և պրակտիկան կբարելավվեն և կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին:
  • Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը կբարելավվի, որպեսզի համապատասխան իրավական կառուցակարգ և երաշխիքներ ապահովվեն՝ բացառելու ներպետական դատարանների վճիռների չկատարումը կամ ուշ կատարումը:
  • ՄԻԵԴ վճիռների կատարման վերահսկմանն ուղղված իշխանությունների ջանքերը կբարելավվեն և ավելի համակարգված կլինեն:
Նյութեր