Back Ղարաբաղի բուժաշխատողները կիսվեցին արտակարգ իրավիճակներում առողջապահական ծառայությունների մատուցման իրենց փորձով

Բուժաշխատողի ազգային օրը նշանավորվեց արտակարգ իրավիճակների ժամանակ առողջապահության ոլորտում մարդու իրավունքների մարտահրավերների վերաբերյալ բաց քննարկմամբ
Ղարաբաղի բուժաշխատողները կիսվեցին արտակարգ իրավիճակներում առողջապահական ծառայությունների մատուցման իրենց փորձով

Պատմության ընթացքում բժշկական համայնքը կարևոր դեր է խաղացել մարդու իրավունքների առաջխաղացման գործում՝ սկսած առողջապահական ծառայությունների մատչելիությունից մինչև խտրականության և անարդարության դեմ պայքարը: Մարդու իրավունքների ներառումը բժշկական պրակտիկայի մեջ ոչ միայն բարոյական հրամայական է, այլ նաև իրավական պարտավորություն: Բուժաշխատողները նաև առաջին արձագանքողներն ու առաջնային դերակատարներն են արտակարգ իրավիճակների ժամանակ։

Հայաստանում Բուժաշխատողների ազգային օրվա կապակցությամբ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ, 2024թ․ հունիսի 19-ին կազմակերպել էր բաց քննարկում Ղարաբաղից բուժաշխատողների մասնակցությամբ արտակարգ իրավիճակների ժամանակ առողջապահական ծառայությունների մատուցման մարտահրավերների վերաբերյալ։

Քննարկման մեկնարկը տրվեց Հայաստանում փախստականների ներհոսքին Եվրոպայի խորհրդի համապարփակ արձագանքման փաթեթի, ինչպես նաև Հայաստանի առողջապահական համակարգում Ղարաբաղի բուժաշխատողների ինտեգրմանը ուղղված ՀՀ կառավարության աջակցության փաթեթի ներկայացմամբ։

Քննարկման հիմնական մասում տարբեր փորձառություն ունեցող բուժաշխատողները Հայաստանի տարբեր բժշկական կենտրոնների իրենց գործընկերների հետ կիսվեցին 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների և դրան նախորդած շրջափակման ընթացքում ձեռք բերած իրենց փորձով։ Զեկուցումներին հաջորդեց մասնակիցների ակտիվ քննարկումը։

Միջոցառումը լավ հնարավորություն էր ծանոթանալու և գնահատելու այն հսկայական քրտնաջան աշխատանքը, որը կատարվել է այս ընթացքում, և նպաստեց բուժաշխատողների ինտեգրման գործընթացին:

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի կողմից՝ Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։

19 June 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page