Back Եվրոպայի խորհուրդն աջակցում է Ղարաբաղի բուժաշխատողների ինտեգրմանը Հայաստանում

Ղարաբաղի բուժաշխատողներն ամրապնդել են իրենց գիտելիքներն ու կարողությունները առողջապահության և կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքների վերաբերյալ
Եվրոպայի խորհուրդն աջակցում է Ղարաբաղի բուժաշխատողների ինտեգրմանը Հայաստանում

Բուժաշխատողները մարդու իրավունքների հանդեպ հարգանքն ապահովելու գործի առաջնագծում են։ Մարդու իրավունքների և էթիկական սկզբունքները էական դեր են խաղում կենսաբժշկության և առողջապահության ոլորտում հաճախ հանդիպող բարդ իրավիճակներին արձագանքելու և դժվար որոշումներ իրականացնելու հարցում։ Նրանք նաև նպաստում են բուժաշխատողների և պացիենտների միջև փոխվստահության հաստատմանը։

Որպես Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթի բաղկացուցիչ մաս և նպատակ ունենալով աջակցել ՀՀ կառավարությանը՝ Ղարաբաղից բուժաշխատողների՝ ՀՀ առողջապահության համակարգում ինտեգրմանը,  Եվրոպայի խորհուրդը, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ մշակել և իրականացնում է առողջապահության և կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքների, ինչպես նաև բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կարողությունների զարգացման դասընթացների շարք:

2024 թվականի մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում շուրջ 150 փախստական բուժաշխատողներ արդեն մասնակցել են կարողությունների զարգացման նման միջոցառումներին և զարգացրել են իրենց գիտելիքներն ու ստեղծել մասնագիտական նոր կապեր:

Կարողությունների զարգացման դասընթացները կազմված էին այնպես, որպեսզի հաշվի առնեն բուժաշխատողների մասնագիտական կարիքները և տան նրանց գիտելիքներ, հմտություններ և գործիքներ՝ առողջապահական ոլորտում հեշտ կողմնորոշվելու համար՝ ոչ միայն ազգային, այլև եվրոպական ժամանակակից չափանիշներին համապատասխան: Եվրոպայի խորհրդի ազգային և միջազգային փորձագետների կողմից մանրակրկիտ ներկայացվել են բժշկական միջամտության համար անհրաժեշտ իրազեկված համաձայնության, բժշկական գաղտնիքի ստանդարտները, բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները, ինչպես նաև այլ հիմնարար թեմաներ, ինչպիսիք են առողջության պահպանման իրավունքը, վերարտադրողական առողջության իրավունքները և այլն:

Վերապատրաստման դասընթացները նպաստեցին բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանը՝ հնարավորություն տալով դասընթացի ավարտին կուտակել շարունական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) 10 կրեդիտ, ինչպես նաև ընդլայնեց նրանց մասնագիտական համագործակցության շրջանակը։

Բուժաշխատողներին համապատասխան գիտելիքներով և հմտություններով հզորացնելու առաջնային նպատակ ունենալով՝ այս դասընթացներն ունեին նաև մեկ այլ կարևոր նպատակ՝ նպաստելու նրանց սոցիալական ներառմանը Հայաստանում: «Առողջապահության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքները բշկական օգնության և սպասարկման մեջ առանցքային նշանակություն ունեն և այս դասընթացների շնորհիվ մենք ձեռք ենք բերել այդ գիտելիքները»,- նշեց մասնակիցներից մեկը։ «Մեզ համար ուրախություն է նորից միասին լինելը, երբեմն թվում է, որ վերադարձել ենք Ղարաբաղ, քանի որ Հայաստանում մեր համայնքի հետ հազվադեպ ենք հավաքվում: Մենք չենք կարող դադարել խոսել միմյանց հետ»,- հավելեց մեկ այլ մասնակից:

Կարողությունների զարգացման դասընթացները կազմակերպվել էին Եվրոպայի խորհրդի՝  «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։
 

18 July 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page