Back Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը՝ ՀՀ ԱՆ խորհրդատուների ուշադրության կենտրոնում

ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու առավելությունները ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպման առանցքում էին.
Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը՝  ՀՀ ԱՆ խորհրդատուների ուշադրության կենտրոնում

2024 թվականի մայիսի 16-ին Հայաստանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիան, առավել հայտնի որպես Օվիեդոյի կոնվենցիա։ Կոնվենցիայի վավերացմանն ընդառաջ՝ մասնագիտական տարբեր խմբերի հետ քննարկումները առանցքային են՝ ապահովելու կոնվենցիայով ամրագրված սկզբունքների վերաբերյալ համընդհանուր պատկերացում կազմելու համար:

ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատուների հետ Օվիեդոյի կոնվենցիայի և դրա լրացուցիչ Արձանագրությունների հիմնական սկզբունքներն ու ստանդարտները քննարկելու, ինչպես նաև Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեությանը ծանոթանալու համար Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը, ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ, հուլիսի 13-14-ին կազմակերպել էր ՀՀ ԱՆ խոհրդատուների տարեկան հանդիպումը։

Հանդիպման նպատակն էր առողջապահության նախարարությանը ոլորտի քաղաքականության մշակման գործում առանցքային աջակցություն ցուցաբերող առաջատար մասնագետների հետ քննարկել ՀՀ-ի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման արդյունքում երաշխավորվող իրավունքները, և Էթիկայի հանձնաժողովի մեկամյա գործունեության հիմնական արդյունքները, ինչպես նաև առողջապահության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականության այլ առաջնահերթությունները։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար տիկին Լորանս Լվոֆֆը և ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ տիկին Լենա Նանուշյանը։ Տիկին Լվոֆֆը իր ելույթում մասնավորապես շեշտեց ՀՀ առողջապահության նախարարության առանձնահատուկ աջակցությունն ու ունեցած կարևոր նախաձեռնողական դերը Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրման և վավերացման գործընթացում:

Քննարկման հիմնական մասում ներկայացվեց կոնվենցիայով ամրագրված իրավունքները, որին հաջորդեց Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ քննարկումը՝ ընդգծելով բժիշկների հետ սերտ համագործակցության էական անհրաժեշտությունը: Քննարկումը այնուհետև շարունակվեց առողջապահության ոլորտում կառավարության այլ առաջնահերթություններին անդրադարձով, ինչպիսիք են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը և բուժաշխատողի մասնագիտական բնութագիրը։ Խորհրդատուները հնարավորություն ունեցան նախարարի և նախարարի՝ տարբեր ոլորտները համակարգող տեղակալների հետ քննարկելու այս հարցերը, արտահայտելու իրենց մտահոգություններն ու ներկայացնելու առաջարկներ։

Քննարկումը կարևոր հարթակ ծառայեց Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման գործընթացն առաջ մղելու համար, ինչպես նաև նպաստեց մասնագետների և քաղաքականություն մշակողների միջև բովանդակային քննարկմանը և երկխոսության խթանմանը:

Առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում։

13-14 july 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page